Լրահոս
Օրվա լրահոսը

«Տերմինաբանական»-ից մինչեւ հայերէնի բարձրագոյն խորհուրդ

Հուլիս 17,2012 13:51

Սկիզբը

Մերօրեայ հայրենի իշխանութիւնների կողմից քարոզուող՝ հայրենիք-սփիւռք մերձեցումները եւ աշխարհասփիւռ հայութեան լեզուապահպանական խնդիրները պահանջում են ստեղծել Հայերէնի Համազգային լեզուական մի կառոյց՝ կազմուած ազգի երկու հատուածների մտաւորականութեան շահագրգիռ ներկայացուցիչներից՝ 50/50 յարաբերութեամբ: Նման կառոյց կարելի է ստեղծել համահայկական լեզուական համաժողովի կողմից, ինչը հրաւիրելուց այդքան խուսափում են հայրենի իշխանաւորները: Այդպիսի համազգային լեզուական կառոյցը կը քննարկի ոչ միայն հայրենիքում, այլեւ սփիւռքում ստեղծուած եւ օգտագործուող բառեզրերի օրինականացման ու տարածման հարցերը: Ընդ որում, բաւարար չէ ընդունուած որոշումների մասին միայն տեղեկատուներ կազմելը կամ լաւագոյն դէպքում դրանք վաճառքի հանելը (ո՞վ է կարդացողը): Լեզուի ճշգրտման եւ մաքրման նորոյթները պէտք է մէկական օրինակով ձրիօրէն եւ պարտադրաբար առաքուեն բոլոր տեղեկատուական (լրատուական եւ յատկապէս հեռատեսիլի) միջոցներին, բուհերին, դպրոցներին, կառավարական ստորաբաժանումներին, միաժամանակ պարտադրելով մամուլի (թերթերի) էջերում այդ նորոյթների հրապարակումը՝ լայն զանգուածներին հասանելի դարձնելու համար: Օտարաբանութիւնները հայացնելու դէպքում որոշ ժամանակ հարկ կը լինի հայերէն նոր բառեզրից բացի, փակագծերի մէջ տալ նախկինում տարածուած միջազգային եզրոյթը (Տեղեկատուի մէջ կա այդպիսի օրինակ): Օտար բառերի հայեցի բառակերտման մասին խօսելիս հարկ ենք համարում նշել հետեւեալը: Երբ իրաւացիօրէն ծագեց «տերմին»-ը հայերէնացնելու խնդիրը, տարածում գտաւ «Եզր» բառը, ինչը լատին Terminus բառի լոկ բառացի թարգմանութիւնն է: Term արմատը պարունակել է Լimit (սահմանային չափ) եւ

End (վերջնակէտ, եզր) միասնացած իմաստները (John Ayto, Dictionary of word origins): Այստեղից ունենք թերմինալ բառը՝ վերջնակայան (կամ հաւաքակայան) իմաստով: Անգլերէնում Termin-ը գործածում են եզրափակիչ, աւարտուն, վերջին բառ կամ վանկ, նաեւ անուանում, արտայայտութիւն նշանակութիւններով:

Հայերիս համար ոչ թէ եզր, այլ բառեզր ձեւն է բովանդակային առումով աւելի հասկանալի (կամ գոնէ՝ եզրոյթը): Սակայն, չգիտես ինչու, Տեղեկատուն շարունակում է պահպանել «տերմին» օտար բառեզրը:

Հայերէնի Բարձրագոյն Խորհրդի «Տեղեկատու»-ն միաժամանակ (նոյն գրքում) ներկայացնելով եւ մեկնաբանելով տարբեր տարիներին (1956-2006) ընդունած որոշումները, ստեղծում է խառնաշփոթ վիճակ: Որեւէ բառեզրի մասին որոշումը կարդալուց յետոյ ստիպուած ես թերթել ամբողջ տեղեկատուն՝ իմանալու համար, թէ այդ բառեզրը ունի՞ յետագայ ճշգրտում. երբ, օրինակ, էջ 123-ում յանձնարարում է գործածել ժուրնալիստ բառեզրը, իսկ մի այլ՝ էջ 272-ում տրուած է լրագրող (ճշգրտուած) բառեզրը, բայց միաժամանակ պահպանելով դրան յաջորդող օտար՝ բալետմեյստեր եւ ռեժիսոր բառեզրերը, թէեւ ներկայում ընդունուած է եւ գործածւում են դրանց հայերէն համարժէք պարուսոյց եւ դերուսոյց, (բեմադրող) եզրոյթները: Թերեւս ճշգրտուած են նաեւ դրանց հայերէն համարժէքները, բայց քանի որ չկայ տուեալ որոշումով ճշգրտուած բառերի լրիւ ցուցակը, հնարաւոր չէ կողմնորոշուել միայն այդ տեղեկատուով: Հետեւաբար, աւելի օգտակար եւ գործնական նշանակութիւն կարող է ունենալ Տերմինաբանական Կոմիտէի եւ Հայերէնի Բարձրագոյն Խորհրդի կողմից բոլոր տարիներին ընդունուած, եւ ներկայ դրութեամբ վերջնական ճշգրտուած բառեզրերի համահաւաք բառարանի շտապ հրատարակումը:

Մինչ այդ, համարձակւում եմ բառեզրաբանութեամբ զբաղուող մեր մասնագէտների դատին յանձնել յաճախ գործածուող օտար բառեզրերի հետեւեալ համարժէք (մեր կարծիքով) հայերէն տարբերակները. լոգո-անուանադրոշմ (դրոշմանուն), ինտելեկտ(ուալ)-մտաւորունակ (մտածունակ, մտքունակ), համակարգիչի Քլիք (click)-կտոց, աուրա-կենսադաշտ, ռադար-ալեխոյզ (ի տարբերութիւն ալեհաւաք կամ ալեցիր անտենաների), ժեստ-արտայայտաձեւ, մանիպուլ(յ)ացիա (manipulation)-աճպարախաղ (աճպարանք), սառնարանի մէջ սառեցնող պահարանը՝ (ռուսերէն՝ մորոզիլկա, անգլերէն՝ ֆրիզեր)-սառցարան (որպէս սառնարանի մի հատուած), ֆայմել (արաբա-թուրքական բառ)-խլաբերել (Մալաթիայի բարբառով խլաբերել՝ նշանակում է խելք բանեցնել, նախօրօք մտածելու շնորհիւ գլխի ընկնել, գուշակել):

 Տեղեկատուի վերաբերեալ յաջորդ դիտարկումները կը ներկայացուի յաջորդիւ:

(Շարունակելի)

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ

(«Մեսրոպեան Ուխտ»

լեզուապահպանական միութիւն)

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ես կենսադաշտ բառն էի ման գալիս․ Արդի հայերենի բացատրական բառարանում այն չգտա․ լավ կլիներ որ կազմվեին նորերը․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031