Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սոֆոյան. «Կարեւորը մասնակցելն է» օլիմպիական կարգախոսը չի անցնում»

Հուլիս 17,2012 13:49

Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբիշներն ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ամենից շատ ուղեգրերն են բերել մեր երկրին, եւ այս ցուցանիշն այլեւս ոչ մի մարզաձեւ չի կարող գերազանցել:

Լոնդոնի օլիմպիական մրցագորգում հանդես են գալու հայաստանցի յոթ ըմբիշներ. ազատ ոճայիններ Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ քաշային կարգ, Դավիթ Սաֆարյանը՝ 66, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը՝ 84, հունահռոմեականներ Հովհաննես Վարդերեսյանը՝ 66 կգ, Արսեն Ջուլֆալակյանը՝ 74, Արթուր Ալեքսանյանը՝ 96 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120: Նրանք այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքներն են անցկացնում Լոնդոն մեկնելուց առաջ: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ:

– Նախ, շնորհավորում ենք ԱԺ պատգամավոր ընտրվելու առիթով՝ համոզված, որ կնպաստեք սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի հետագա զարգացման համար նպաստավոր օրենքների մշակմանն ու ընդունմանը:

– Շնորհակալություն: Ավելացնեմ նաեւ, որ օրենսդիր մարմնում մեր ֆեդերացիայից ինձ հետ է նաեւ գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը:

– Ուրեմն անցնենք մեր զրույցի բուն թեմային: Օլիմպիական յոթ ուղեգիր: Դրանք հեշտ չեն նվաճվում: Այդպես չէ՞:

– Իհարկե: Ամեն մի վարկանիշ ձեռք է բերվում աշխարհի ուժեղագույն մրցակիցների հետ պայքարում: Եվ դա հնարավոր է միայն ու միայն մարզիկների, մարզիչների, բժիշկների եւ ամբողջ ֆեդերացիայի ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս առումով, կարծում եմ, որ այս քառամյա ցիկլում վատ չենք աշխատել:

– Կոնկրետ Լոնդոնի օլիմպիական խաղերին երբվանի՞ց եք սկսել նախապատրաստվել:

– Կարելի է ասել՝ 2009 թվականից: Իսկ մինչ այդ, Պեկինի օլիմպիական խաղերի ավարտից հետո ընկած ամիսներին մարզիչները մշակել են անելիքների ծրագրերը, որոնք մանրամասն քննարկվելուց հետո հաստատել է ֆեդերացիան: Ընդ որում, յուրաքանչյուր տարի ծառայեցվել է կոնկրետ նպատակի այն հաշվարկով, որպեսզի մի կողմից մեդալները չպակասեն, մյուս կողմից՝ մեր առաջատար ըմբիշներն աստիճանաբար անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերեն եւ հատկապես անցած՝ նախաօլիմպիական տարում եւ 2012 թվականին պատշաճ մակարդակով մասնակցեն վարկանիշային մրցաշարերին ու հնարավորին չափ շատ օլիմպիական ուղեգրեր նվաճեն:

– Պետբյուջեից հատկացվող մարզաձեւերի աջակցման գումարները բավարարե՞լ են:

– Համեմատած մի շարք այլ մարզաձեւերի հետ, ըմբշամարտին համեմատաբար շատ գումար է հատկացվում, որն այս տարի երկու ոճերի համար եղել է 220 միլիոն դրամ: Բայց, ինչպես գիտեք, այդ գումարները հենց այնպես չեն տրվում եւ կապված են ցույց տրվող ընդհանուր արդյունքների հետ: Բայց եթե անկեղծ լինեմ, դա էլ չի բավարարում լիարժեք աշխատելու համար՝ մարզաձեւի տարածում եւ զարգացում, բոլոր տարիքային խմբերի հանրապետության առաջնությունների անցկացում եւ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, գործուղում աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, պաշտոնական մրցաշարեր եւ այլն:

– Ասացիք՝ պետական գումարները չեն բավարարում: Եղե՞լ են դեպքեր, երբ նախապես պլանավորված այս կամ այն ծրագիրը չի իրականացվել կամ հետաձգվել է:

– Ոչ: Այդպիսի բան մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը թույլ չէր տա: Ավելին, նա մեզ հրահանգել է ոչ մի բանի առջեւ կանգ չառնել, անհրաժեշտության դեպքում էլ, եթե մարզիչները գտնում են, որ այսինչ բանն անհրաժեշտ է, գումարները կրկնապատկել, որպեսզի օլիմպիական խաղերին նախապատրաստվող ըմբիշները եւ հավաքական թիմերը ոչ մի խնդիր չունենան: Օրինակ, այս տարվա անցած վեց ամիսներին Սամվել Կարապետյանը հավաքների (նաեւ՝ լրացուցիչ, եթե մարզիչները գտել են, որ դրանք պետք են), նաեւ դրանցում ընդգրկված լրացուցիչ մարզիկների, սննդի, համազգեստի, վիտամինների, ամենամսյա թոշակների, պարգեւատրումների եւ այլնի համար իր միջոցներից արդեն տրամադրել է ավելի քան $1 միլիոն 100 հազարին համարժեք դրամ: Իսկ առջեւում դեռ նոր հավաքներն են, օլիմպիական խաղերը ու մինչեւ տարեվերջ դեռ հինգ ամիս էլ կա:

– Հիմա մեր օլիմպիականները որտե՞ղ են:

– Երկու հավաքականներն էլ արտագնա համատեղ հավաքներում են: Հունահռոմեականները՝ Ստայկիում, ազատ ոճայինները՝ Վլադիկավկազում: Այնտեղից երկուսն էլ կվերադառնան Երեւան, կանցկացնեն օլիմպիական նախամեկնարկային հավաք եւ կմեկնեն Լոնդոն:

– Համոզված ենք, որ օլիմպիական «Կարեւորը մասնակցելն է» կարգախոսն այս պարագայում չի անցնում: Ի՞նչ ակնկալիքներ կան:

– Մեդալների, թեեւ գիտենք, որ շատ դժվար է լինելու, քանի որ, ինչպես սկզբում ասացի, մասնակցում են միայն ուժեղագույն ըմբիշները: Իսկ թե քանի՞ մեդալ կլինի եւ ի՞նչ գույնի, դժվար է ասել: Բայց մի բան է հաստատ. տղաները պայքարելու են:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031