Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը՝ բուհի այսօրվա մասին
Արեւմտյան համալսարաններում ընդունված ավարտական արարողակարգը, երբ հանդիսավոր պայմաններում հանձնվում են որակավորման դիպլոմներ, հայաստանյան արվեստի բուհերից առաջինը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմք դրեց նման միջոցառման՝ օրերս 225 բակալավրի եւ 125 մագիստրոսի հանձնելով կրթության վկայականներ: «Առավոտի» հետ զրույցում կոնսերվատորիայի դասախոսները հավաստիացրին, որ նման հանդիսավորությունը կարեւորում է բարձրագույն կրթության դերն ու նշանակությունը՝ անմոռանալի պահեր պարգեւելով դիպլոմավորված մասնագետներին:
Անցյալ ուսումնական տարում հայաստանյան շատ բուհերում, այդ թվում՝ եւ կոնսերվատորիայում, դիմորդների թվաքանակի նվազումը պայմանավորեցին շրջանավարտների բացակայությամբ, արդյո՞ք այս տարի կոնսերվատորիան ունեցավ այնքան դիմորդ բոլոր մասնագիտությունների գծով, որքան եղել է լավ ու բարի ժամանակներում: Կամ՝ ընդունելության քննությունների ժամանակ արդյո՞ք առաջնահերթ ուշադրություն չպետք է դարձվի դիմորդի մասնագիտական պատրաստվածությանը, այլ ոչ նրա հումանիտար գիտելիքների պաշարին: «Առավոտը» իրեն հետաքրքրող այս եւ այլ հարցերով դիմեց կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանին:
Կարդացեք նաև
«Այս տարի կոնսերվատորիա է դիմել 181 դիմորդ: Նրանցից 5-6-ը (դաշնակահար, վոկալիստ, կլառնետահար, վալթորնահար) այս պահին կբավարարեին արեւմտյան ցանկացած համալսարանի ու միջազգային ամենահեղինակավոր միջոցառումների պահանջները»,- հայտնեց պարոն Շահինյանը: Նա ասաց նաեւ, որ աննախադեպ էր ժողովրդական նվագարանների ամբիոն դիմած դիմորդների թիվը. «Այս տարի համալրվեցին քամանչայի, ուդի, շվիի, սրինգի, բլուլի դասարանները»: Արդարության դեմ չմեղանչելու համար ռեկտորը նշեց, որ գուցե հիշյալ ժողովրդական նվագարաններին տիրապետող դիմորդները երաժշտական ընդհանուր պատրաստվածությամբ զիջում էին մյուս ամբիոնների դիմորդներին, սակայն կարեւորելով ժողնվագարանների եւ ընդհանրապես ժողովրդական արվեստի անհրաժեշտությունը, պրոֆեսորադասախոսական կազմը կաշխատի նրանց ոչ միայն մասնագիտական, այլեւ ընդհանուր երաժշտական զարգացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ընդունելության ժամանակ մասնագիտական պատրաստվածության առաջնահերթությանը, ըստ մեր զրուցակցի, հաշվի առնելով կոնսերվատորիայի՝ տեսակով առանձնահատուկ բուհ լինելը, կրթության եւ գիտության նախարարությունը ճկուն քաղաքականություն է վարում իրենց հանդեպ, երբեք չպարտադրելով ընդհանուր այն պահանջները, որոնք գործում են այլ բուհերի դեպքում: Ի դեպ, նախարարության այս աշխատաոճը գալիս է խորհրդային տարիներից՝ այսկերպ պաշտպանելով կոնսերվատորիայի ինքնատիպությունը: Ռեկտորը հայտնեց նաեւ, որ հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջնահերթությունը տրվում է այն դիմորդին, ով մասնագիտական առարկայից բարձր է ստացել:
Կոնսերվատորիայի եւ արտերկրյա նման բուհերի միջեւ փոխադարձ համագործակցության առիթով մեր հետաքրքրությանը, Շահեն Շահինյանն ասաց. «Միայն անցյալ ուսումնական տարվա ընթացքում համագործակցության պայմանագրեր ենք կնքել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի, Թբիլիսիի կոնսերվատորիայի, Լոնդոնի «Ռոյալ» ակադեմիայի եւ Նորվեգիայի Ագդերի համալսարանի հետ»:
Հարցին՝ վտանգ չե՞ք տեսնում, որ կոնսերվատորիայում սովորելու ընթացքում եւ ավարտելուց հետո ձեր սաները հայտնվեն եվրոպաներում, ռեկտորը պատասխանեց. «Մենք բարձրակարգ կրթություն ապահովելու տերն ենք: Ժամանակն է, որ մեր ստեղծագործական պետական կոլեկտիվները ստեղծեն այնպիսի պայմաններ, որ լավագույն կադրերը չհեռանան երկրից, այլ դրսից ուզենան վերադառնալ: Այ, նման դեպքում կստեղծվի մրցակցություն, ինչը կնպաստի նաեւ հայաստանյան ստեղծագործական կոլեկտիվների մակարդակի ու վարկանիշի բարձրացմանը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ