Սարգիս Մելիքյանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության, համարվում է ՀՀ քաղաքացի, քանի որ ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ եղել է 14 տարեկանից փոքր: Այդպես է ձեւակերպել Միգրացիոն պետական ծառայությունը Սարգիսի փախստականի կարգավիճակը դադարեցնելու որոշման մեջ, որի պատճենը 2011 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ՏԿՆ ՄՊԾ կողմից ստացել է «Գագիկ Եգանյան» ստորագրությամբ:
ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության մասում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Քանի որ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքն ընդունվել է 1995 թվականին, ապա ՄՊԾ մեջբերված օրենքի համաձայն՝ Սարգիսը 16 տարեկանում պետք է ունենար ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն նա այդ տարիքում ձեռք է բերել փախստականի վավեր վկայական: Այդուհետեւ՝ 2010 թվականին, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փաստորեն, 7 տարի շարունակ Սարգիսն օրենքի սահմաններում ստացել է փախստականի անձը հաստատող փաստաթուղթը եւ միայն 2011 թվականին, երբ Սարգիսն արդեն եղել է 23 տարեկան, ՄՊԾ-ն համարել է նրան չափահաս ու գտել, որ նա ՀՀ քաղաքացի է, ինչը որ պետք է կատարեր 2004 թվականին: Կարգավիճակը դադարեցնող որոշման հիմքում նաեւ շեշտվում է, որ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ անձը դադարում է փախստական ճանաչվել, եթե ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն: Փաստացի, գոյություն ունի «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդված, որն ասում է. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք, ինչպես նաեւ նրանք, ովքեր ՀՀ-ում ստացել են ժամանակավոր ապաստան, ՀՀ-ում ճանաչվում են փախստականներ եւ ապաստան ստացածներ, եթե նրանք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են եւ ունեն համապատասխանաբար փախստականի եւ ժամանակավոր ապաստանի վավեր վկայական եւ նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել»: Ինչպես վերը նշեցի, Սարգիսի փախստականի կարգավիճակը չի դադարեցվել, եւ նա 7 տարի շարունակ ճանաչվել է որպես փախստական: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առաջ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»: Սարգիսը որոշման դեմ բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում, եւ դատավոր Ռ. Հակոբյանը կայացրել է անբարենպաստ վճիռ՝ մերժել է: Ներկա պահին նրա բողոքարկումը գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում: Ծնվել է 1989 թվականին եւ նույն թվականին ընտանիքի հետ բռնագաղթելով Ադրբեջանից՝ ապաստան է գտել Հայաստանի Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում եւ մինչ հիմա բնակվում է այդտեղ: 2001 թվականին բնակարան ստանալու դիմաց ծնողներին առաջարկվել է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, սակայն այդ նույն թվականին քաղաքացիությունը ձեռք բերելուց հետո, պարզվեց, որ այդ ամենն այդպես էլ խոստումներ են մնացել, ինչի փաստացի ապացույցն է Սարգիսի հանրակացարանում բնակվելը: Ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա, ապրում է ծնողների հետ համատեղ միեւնույն հանրակացարանում: Սարգիսի առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններն էլ ավելի են ծանրացնում վիճակը, երբ օրենքի ճշգրտությունը ՄՊԾ-ն փորձում է «շտկել» դեռեւս շատ ուշացած, մինչդեռ Սարգիսը մտավախություն ունի, որ բնակարանային խնդիրն այդպես էլ անլուծելի կմնա, իսկ հիմա նա պահանջում է փախստականի կարգավիճակը, որ կարողանա աշխատել, մեծացնել 8 ամսական երեխային:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ