Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված 18-ամյա Արմեն Հարությունյանը երկկողմանի ծնողազուրկ է եւ այսօր կանչվել է ծառայության:
Զինվորական կոմիսարի ուղեգրով նա բժշկական քննություն է անցել «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում, որտեղ հայտնաբերված հիվանդությունները քիչ չեն. երկկողմանի սին թաթեր, H-38 մմ, շարժումները ս/թ հոդերում ամբողջ ծավալով են, քայլքի աննշան խանգարումով, ողնաշարի կրծքագոտային հատվածի S-աձեւ աննշան սկոլիոզ, Կորբի շեղման անկյունը փոքր է 7 աստիճանից՝ առանց ֆունկցիայի խանգարման, ունի ձախ ստորին վերջույթի վարիկոզ հիվանդություն՝ առանց արյան շրջանառության եւ ֆունկցիայի խանգարման, անգիոնեւրոզ, ինչպես նաեւ չափավոր նեյրոցիլկուլյատոր դիստոնիա սրտային ձեւ, սինուսային առիթմիա:
Արմեն Հարությունյանի խնամակալը՝ մորաքույրը, զրուցել է զինվորական բժիշկների հետ, որոնք հավաստիացրել են, որ զինակոչիկին պետք է տրվի տարկետում: Սակայն Զինվորական բժշկական հանձնաժողովը նրան պիտանի է ճանաչել ոչ շարային ծառայության համար:
Խնամակալը մեզ պատմեց, որ իր քույրը՝ Արմենի մայրը, ունեցել է սրտի բնածին արատ, ծանր ծննդաբերություն է ունեցել. վտանգված է եղել ե՛ւ մոր, ե՛ւ երեխայի կյանքը, ու միայն բազմափորձ եւ հոգատար բժշկի շնորհիվ է հնարավոր եղել փրկել երկուսին էլ, սակայն մի քանի տարի անց մայրը մահացել է սրտի թրոմբից: «Արմենը թույլ երեխա էր, շուտ էր հոգնում, իր հասակակիցների նման չէր կարողանում վազվզել, խաղալ, սիրտն էլ միշտ արագ է աշխատել: 8-9 տարեկան էր, երբ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուշագնաց եղավ: Սկզբում մտածեցին, թե առավոտյան երեւի չի նախաճաշել, սոված է եղել, բայց երբ երկու ամիս հետո դա կրկնվեց, նրան ազատեցին ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելուց»,- հայտնեց մորաքույրը:
Թեպետ Արմենը իր գանգատները ներկայացրել է բժիշկներին, ասել, որ ոտքերը շատ են ցավում, չի կարողանում երկար քայլել կամ կանգնել, մի փոքր քայլելուց հետո էլ սիրտն է զգացնել տալիս, գիշերը հաճախ արթնանում է սրտի շրջանում ծանրության զգացումից, ցավերից, բայց բժիշկները ախտորոշել են չափավոր արտահայտված նեյրոցիլկուլյատոր դիստոնիա, ինչի հետ նրա մորաքույրը համաձայն չէ:
«Արմենը անընդհատ բողոքում է սրտի եւ ոտքերի ցավերից, նա վատ է քնում, նյարդային է, ինչի պատճառը, կարծում եմ, հենց այդ ցավերն են: Երբեմն էլ չես հասկանում՝ քնա՞ծ է, թե՞ գիտակցությունը տեղը չէ՝ շշմած պառկում է, բողոքում է գլխապտույտներից: Մի ժամանակ կարծում էի, թե խաբում է, ծուլության նշան է այդ ամենը, բայց երբ եկավ Երեւան՝ սովորելու եւ ինձ մոտ էր ապրում, տեսա, որ երեխան ուզում է աշխատել, օգնել տնային գործերում, սակայն ֆիզիկականը չի ներում: Պուլսը համարյա միշտ բարձր է՝ 115-120 զարկ րոպեում, պատահել է ճնշումը չափելիս ապարատի վրա նշվել է նաեւ 130 զարկ: Զարմանում եմ, որ այսքան գանգատներից հետո բժիշկները ախտորոշել են ոչ թե խիստ արտահայտված, այլ չափավոր արտահայտված հիվանդություն»,- ասաց խնամակալը: Ավելացրեց նաեւ, որ դժվարություններ են ունենում կոշիկի ընտրության հարցում եւ համարյա միշտ 1-2 չափի մեծ կոշիկ են գնում, որովհետեւ ոտքերը օրվա մեջ կարմրում են, ուռչում, դրա համար էլ, հատկապես ամռանը, Արմենը հաճախ «չստիկով» է լինում, դրանից էլ ամաչում է, կոմպլեքսավորվում:
Արմեն Հարությունյանի հարցով նրա խնամակալը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդ: Թեեւ դեռ պատասխան չի ստացվել, բայց նա հույս ունի, որ գոնե այսօր հավաքակայանում վերջնական բուժզննում կատարողները հաշվի կառնեն երեխայի բողոքները եւ այն հանգամանքը, որ մարդու օրգանիզմի վրա հիվանդությունները գումարային ազդեցություն են ունենում, իսկ որ ամենակարեւորն է՝ չի անտեսվի ժառանգականության գործոնը, որի պատճառով, ցավոք, վերջերս շատ են արձանագրված ողբերգությունները, որոնք կարելի էր կանխել, սակայն, դարձյալ ցավոք, միայն հետին թվով ենք նշում դրա մասին:
Ասածս մերկապարանոց չհնչելու համար հիշենք թեկուզ զինծառայող Հովհաննես Վարդանյանի՝ հոգեկան խանգարում ստանալու փաստը, եւ այն, որ դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ բանակում գլուխ բարձրացրած հիվանդությունը զինվորը ժառանգել էր մորից:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ