Երեւանի պետական համալսարանի դասախոսների համար մեկուկես տարի առաջ շահագործման հանձնված շենքից, որը գտնվում է Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, սալիկներ են պոկվում եւ թափվում գետնին: Շենքի բնակիչները ահազանգում են, որ սալիկները պոկվում են հատկապես վերջին հարկերից եւ ընկնում ուղիղ բակ, որտեղ երեխաներ են խաղում, մարդիկ անցուդարձ են անում եւ ավտոմեքենաներ են կայանած:
Ինչպես «Ծարավ Աղբյուր 55/5» ֆեյսբուքյան խմբում նշում է շենքի բնակիչ Արմեն Մարկոսյանը, իր որդին բակում հեծանիվ քշելիս է եղել, երբ սալիկն ընկել է, բայց, բարեբախտաբար, երեխան չի վնասվել: Օրերս ընկնող սալիկներից մեկը վնասել էր շենքի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենան: Շենքի հարեւանները Ֆեյսբուքում իրար տեղյակ են պահում, որ ասենք՝ 5-րդ մուտքից դեպի 4-րդ մուտք հատվածից խուսափեն: Շենքի մեկ այլ բնակիչ էլ զգուշացնում է, որ մուտքեր մտնելիս անցնեն ավազանի աջ կողմի՝ շենքի անմիջապես ներքեւի հատվածով, քանի որ՝ «9-րդ հարկի վերին դիմային քարերը անմխիթար վիճակում են եւ ցանկացած պահի կարող են ընկնել»:
Բնակիչների կարծիքով՝ վերջին հարկի սալիկները լավ չեն ամրացվել, քանի որ այդ հարկերի շինարարությունը հապշտապ է արվել՝ շենքի բացմանը հասցնելու համար. շենքի կարմիր ժապավենը պետք է կտրեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ դասախոսներին մատչելի գներով բնակարաններ տրամադրելը պետական սոցիալական ծրագրով էր, եւ եթե շենքը կառուցապատող ընկերությունը՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, ջանքեր է գործադրել պատվիրատուի՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման նշած ժամկետների մեջ տեղավորվելու եւ վերջին հարկի շինարարությունն արագացված տեմպերով է ավարտին հասցրել, ապա շենքն ընդունող կառույցը՝ քաղաքաշինության նախարարությունը իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել շենքն այդ վիճակով ընդունելու համար:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ