Կապանում ջուրը պղտոր է, քանի որ ջրավազանի տարածքում շինաշխատանքներ են կատարվում
Կապան քաղաքում շարունակում է լուրջ խնդիր մնալ քաղաքին մատակարարվող խմելու ջրի պղտորվածության հարցը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամուլի ծառայությունը քաղաքի ջրի պղտորման պատճառներից մեկն է համարում Աջաբաջ կոչվող տեղանքում՝ խմելու ջրի ջրառի հատվածում, այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարությունը: Ահազանգից հետո մասնագետները այց են կատարել խմելու ջրի գլխամաս, տեղում ծանոթացել իրավիճակին:
«ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն, որն ունի երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա, Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերեւակում կոչվող վայրում հետախուզական աշխատանքների կատարման համար սկսել է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ: Վերակառուցում է ճանապարհ՝ հզոր տեխնիկայի աշխատեցման համար, որի ընթացքում ճանապարհաշինարար տեխնիկան անցնում է Կապան քաղաքի խմելու ջրի ջրահավաք ավազանի սանիտարական գոտով: Նշենք, որ 13 տեղ ճանապարհը հատում են ջրերը, ինչի արդյունքում աղտոտվում է խմելու ջուրը: Չի բացառվում, որ հանքավայրի շահագործման դեպքում Կապանը կզրկվի խմելու մաքուր ջրից: «Իսկ այսօր տեխնիկայի աշխատանքային հռնդյուններից կանհետանան բեզուարյան այծերը եւ հայկական մուֆլոնը»,- մեզ հետ զրույցում նկատեց Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, որը բնապահպանական տեսչության եւ «Հայջրմուղկոյուղու» տարածքային կազմակերպության ներկայացուցիչների հետ եղել է տեղում: Ինչպես «Առավոտին» տեղեկացնում են բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային կառույցից՝ «ԲԱՄՕ Մետալ» ընկերության կողմից կատարվելիք հետախուզման աշխատանքները նախատեսված են իրականացնել քաղաքը սնուցող ջրահավաք ավազանի տարածքում, որը սանիտարական պահպանման գոտի է համարվում: «Հետախուզման աշխատանքներն ամբողջ տարածքում են նախատեսված, ընդ որում, պայմանագրի համաձայն, հիմնական հետախուզման տեղը հենց խմելու ջրի գլխամասային հատվածում է գտնվում՝ ջրահավաք ավազանում, որտեղից սնվում է Կապան քաղաքը: Մեր այցելության ժամանակ այնտեղ տեխնիկա էր աշխատում՝ ճանապարհներն էին վերականգնում, որի ընթացքում տարբեր տեղերից հատվում էր գետի հունը՝ պղտորելով ջուրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիցենզիա ունեցող կազմակերպության ներկայացուցիչների հետ, այժմ այնտեղ ոչ մի տեխնիկա չի աշխատում, դադարեցվել են բոլոր աշխատանքները՝ մինչեւ խնդրի լուծման օպտիմալ ճանապարհը գտնվի: Այսօր տվյալ կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկում էինք նախագիծը, որպեսզի տեսնենք, թե ինչ անենք՝ ստեղծված իրավիճակից ճիշտ ելքեր գտնելու համար, ի վերջո՝ առաջնայինը Կապանի խմելու ջրի անվտանգ լինելու հարցն է»,- ասում է բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ հետախուզական աշխատանքների վայրը սահմանակից է «Զանգեզուր» արգելավայրի տարածքին: Հիշեցնենք, որ Կապան քաղաքը սնվում է գետի ջրից: Նոր Աստղաբերդ համայնքի Աջաբաջ գյուղի տեղանքում գտնվող մարզկենտրոնի խմելու ջրի ջրառի տարածք է ուղեւորվել նաեւ Կապանի լրագրողներից եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած խումբը, սակայն թիմն անակնկալի է եկել, երբ տեղամասի հարեւանությամբ տեղակայված սահմանային կետի զինվորականներն արգելել են բարձրանալ տեղանք՝ տեղեկացնելով, որ իրենց հրաման է տրվել ոչ մեկին չթույլատրել բարձրանալ սանիտարական գոտի, եւ այնտեղ աշխատող տեխնիկան իջեցվել է: Իսկ դրա նախորդ օրը տեղանք այցելած մասնագետների խումբն առանց որեւէ խոչընդոտի եղել է ջրահավաք ավազանում, այդ ճանապարհին նրանց հանդիպողներ ու խանգարողներ չեն եղել: Լրագրողներից եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած խումբը ստիպված կանգ է առել սահմանային կետի մոտ եւ տեղում ստացել գյուղապետի ու երկրաբան մասնագետի պարզաբանումները խնդրի վերաբերյալ: Նոր Աստղաբերդի գյուղապետ Սուրիկ Թեւանյանը նշում է, որ իրենց վարչական տարածքում նախատեսվելիք բոլոր աշխատանքները համաձայնեցված են համայնքի հետ, կան համապատասխան թույլտվություններ, փաստաթղթեր, ժամանակին անցկացվել են համապատասխան լսումներ, եւ ժողովուրդը խանդավառությամբ է ընդունել ու տվել իր համաձայնությունը, քանի որ գյուղում աշխատատեղեր են բացվելու: Համայնքի 4 գյուղերից 3-ն է բնակեցված, որտեղ մոտ 115 բնակիչ է ապրում եւ օգտվում այդ ջրերից: Նրանց համար խմելու նոր ջրագիծ են անցկացրել գյուղապետարանի եւ այլ կազմակերպությունների միջոցով: «Համայնքը տեղյակ է ջրառի հատվածում իրականացվող այս աշխատանքների մասին եւ հետեւում է էկոլոգիայի մաքրությանը՝ 2 օրը մեկ գալիս եմ այս ջրերի մաքրությունը ստուգում-գնում, ի վերջո՝ մինչեւ Կապան հասնելը առաջին հերթին մեր գյուղերի բնակիչներն են օգտվում էս ջրերից: Բնակչության համար արդեն համապատասխան խմելու ջրագծեր են անցկացվել, այս երկու օրը նոր ֆիլտրեր կդրվեն, որպեսզի ավելի ապահով լինի: Իսկ ինչ վերաբերում է ջրերի աղտոտվածությանը, ապա այս 2 օրն այնքան ուժեղ անձրեւներ էին գալիս, որ գետերը սարսափելի վարարում էին, ու ջրերը աղտոտվում էին դրանից, չոր եղանակներին չենք նկատել, որ երբեւէ ջրերը պղտորվեն»,- ասաց Ս. Թեւանյանը:
Երկրաբան Ռուբիկ Հովհաննիսյանը, որը նաեւ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի խորհրդականն է, հավաստիացնում է, որ ջրառի տարածքում միայն ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, ներկա պահին ոչ մի հետախուզական աշխատանքներ չկան. «Ջրառը մի քանի տեղ հատում էր ճանապարհաշինարար տեխնիկան, դա ժամանակավոր երեւույթ է, որոշել են խողովակներ գցել այդ տեղանքով, որպեսզի մեքենաների տեղաշարժից ջրի մաքրությանը վնաս չհասցվի: Այստեղ ավազահող է, եւ մեքենաների անցնելուց հետո ջրի պղտորվածությունը շուտ է անցնում, եւ չեմ կարծում, թե այդ աշխատանքներից է Կապանի ջուրը պղտորվում, որովհետեւ այդ օրերին հորդառատ անձրեւներ էին գալիս, եւ շատ հավանական է, որ պղտորման պատճառը դա լինի: Հետագայում կբացվեն հետախուզահորեր եւ հորատանցքեր: Եթե հաստատվի, որ հանքը պիտանի է շահագործման, այդ դեպքում արդեն մանրամասն հետախուզություն կիրականացվի: Այստեղ խոսքը գնում է պինդ օգտակար հանածոների մասին՝ ոսկու, արծաթի: Հանքը հեռու է ջրառի տարածքից եւ հետագա շահագործման ժամանակ կապ չի ունենալու գետի ջրերի հետ»:
«Հայջրմուղկոյուղուց» հավաստիացնում են, որ իրենք ջրերի պղտորման մասին ահազանգ ստացել են հենց չոր եղանակին:
Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը նշում է, որ այս օրերին ջրից թունավորման, հիվանդանալու դեպքեր Կապանում չեն արձանագրվել.
«Քանի որ Կապանի ջրամատակարարումը մակերեսային բնույթ ունի, հորդառատ անձրեւների ժամանակ գետը պղտորվելու դեպքում բաժանորդներին մատակարարվող ջուրը եւս պղտոր է լինում, մաքրման կայանը չի հասցնում ամբողջովին մաքրել ջուրը: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միկրոբների աճ չկա»:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ