Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության պատասխանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը

Հուլիս 17,2012 13:22

Վերջրս ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ներկայացրել էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման մանրամասները, մասնավորապես անրադարձել է 2008թ. սկսած վերոնշված գործընթացին, բայց հիմնական նպատակը` հանրությանը ներկայացնել, որ կառավարությունը ի դեմս ՊԳԿ վարչության` առաջնորդվել է միմիայն օրենքով վերապահված գործառույթներով, սակայն «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը և ՀԱԿ-ը այն ներկայացնում են քաղաքական շահարկումների քողի տակ:

            «Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը գտնում է, որ ՊԳԿ վարչությունը առաջնորդվել է գործող կառավարությանը հատուկ ոճով, այն է ստով ու աճպարարությամբ խեղաթյուրել իրական փաստերը և փորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Մասնավորապես ՊԳԿ վարչության կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ վերոնշված տարածքը մեր կողմից տնօրինվել է 1996թ.-ից համաձայն ՀՀ գյուղատնտեսության պարենի նախարարության «Հայջրնախագիծ» ինստիտուտ պետական ձեռնարկության և «Մտավորական Հայաստան» միության ( իրավահաջորդ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն ) միջև կնքված վարձակալության պայմանագրի `99 տարի ժամկետով:

Տարածքը, որը հանձնվել էր մեզ, գտնվում էր ոչ օգտագործելի` անմխիթար վիճակում և շահագործման համար ոչ պիտանի:

Այդ իսկ պատճառով մեր կողմից իրականացվեց չափագրում, նախագծում և կատարվելիք աշխատանքների հաշվառում, իսկ այնուհետև ըստ փուլերի, իրականացվեցին տարածքի հիմնարար  (կապիտալ) շինարարական աշխատանքներ:

Շինարարական աշխատանքները սկսվել են 1997թ.-ին և ավարտվել են 2000թ.-ին` այդ ընթացքում մեր կողմից կատարվել է 25.197.828 ՀՀ դրամի ներդրում:

Համաձայն ՀՀ գյուղատնտեսության պարենի նախարարության, «Հայջրնախագիծ» ինստիտուտ պետական ձեռնարկության և «Մտավորական Հայաստան» միության միջև կնքված պայմանագրի` «վարձակալը կարող է իր սեփական միջոցներով իրականացնել վարձակալած տարածքների վերազինում, վերակառուցում և կապիտալ շինարարություն, ընդ որում, վարձակալը հանդիսանում է կատարած ներդրումների արդյունքում ստացված միջոցների սեռփականատերը, վերջինիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում` ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորությունների բացակայության դեպքում` արժեքային տեսքով «:

Այստեղից հետևում է, որ կառավարությունը պարտավոր է վերադարձնել կուսակցության կողմից ներդրած շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գումարը:

2002թ.-ից սկսած ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն կողմից, հղում անելով ՀՀ կառավարության 22.02.2001թ., թիվ 125 որոշումը, մեր վարձակալած տարածքի նկատմամբ սկսվեցին ոտնձգություններ, ինչը հակասում էր գործող օրենքներին, սակայն կառավարությունը անտեսելով օրենքները` պարտադրում էր նոր պայմանագիր կնքել:

Տարիներ շարունակ ընթացող քաշքշուկներից և տարածքը կորցնելու մտավախությունից ստիպված` 2005թ. մարտին ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի ԺՀԿ-ի տիրապետմանը և օգտագործմանը հանձնվեց Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 320 քմ տարածքը: Այդ պայմանագիրը նոտարական վավերացում և պետական գրանցում չստացավ, սակայն դա չխանգարեց, որ կուսակցությանը պարտադրեն առ ոչինչ պայմանագրով վճարել հավելյալ վարձավճար` 1.517.970 ՀՀ դրամ, չնայած կուսակցությունը դեռևս այդ ժամանակ գործող պայմանագրով առաջանցիկ վճարումներ էր կատարել մինջև 2007թ.-ի վերջը:

2006թ. օգոստոսին ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության միջև կնքվեց նոր վարձակալության պայմանագիր` նույն պայմաններով վեց տարի ժամկետով, և պարդադրվեց պայմանագրի սկզբնաժամկետ 2005թ. ապրիլը, նախորդ ատոչինչ պայմանագրում նշված ժամկետը:

2006թ. ԺՀԿ դիմեց վարձակալած տարածքը կուսակցությանը սեփականաշնորհելու, ՊԳԿ վարչությունը մեկ քառակուսի մետր վարձակալած տարածքի գինը որոշեց մոտ 1200 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այն դեպքում երբ յոթ հարկանի շենքը , որի առաջին հարկում գտնվում էր կուսակցության վարձակալած տարածքը` իշխանությունները, այդ թվում վարչապետը, բաժանել են իրար մեջ քառակուսի մետրի արժեքը 20-24 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի գումարով:

2008թ. հոկտեմբերին դատարանի վճռով 239քմ տարածքը առգրավվեց կուսակցությունից: ՊԳԿ վարչությունը չբավարարվեց դրանով և հրաժարվեց կուսակցությանը տրամադրել դատարանի վճռով թողնված 75.7 քմ ամբողջական տարածքը: Կուսակցությունը փատացի տնօրինում էր 45.4 քմ տարածք, չնայած վճարում էր 75.7 քմ -ի վարձավճարը:

2010թ.-ի  մարտին  ԺՀԿ-ն ստիպված դիմեց դատարան` ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությանը պարտադրելու կատարել դատարանի վճիռը և կուսակցությանը տրամադրել ամբողջական 75.7 քմ տարածքը, հայցը բավարարվեց, սակայն ՊԳԿ վարչությունը վերստին հրաժարվեց ի կատար ածել վճիռը: Դատարանի վերոնշյալ որոշումը չկատարեց նաև ԴԱՀԿ ծառայությունը:

2011թ. նոյեմբերին դատարանը բավարարեց ՊԳԿ վարչության հայցն ընդդեմ ԺՀԿ տարածքից վտարելու պահանջի մասին և մերժեց կուսակցության հակընդդեմ հայցը` պայմանագիրը նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու պահանջի մասին:

2012թ. մայսի ԱԺ ընտրություններից հետո նախաձեռնվեց ԴԱՀԿ ծառայության միջոցով ԺՀԿ վտարել կենտրոնական գրասենյակից, ինչը և իրագործվեց հունիսի 18-ին:

ՊԳԿ վարչությունը նաև ստում է, ասելով որ ԺՀԿ երբև չի դիմել Վաղարշ Վաղարշայան 12 հասցեի շենքից դուրս այլ այլընտրանքային տարածք տրամադրելու հարցով (07.04.2011թ. ԺՀ/07-04 գրություն) :

2006թ. սոցապ հիմնադրամի մեզ կատարած խնդրանքին` իրենց տարածք տրամադրելու, ընդ որում շատ գայտակղիչ պայմաններով, բացի ձևակերպված գումարից մեզ առաջարկվում էր նաև ստվերային չափաբաժին, որից մենք բնականաբար հրաժարվեցինք և միայն հաշվի առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական խնդրանքը և հավաստիացումները, որ տարածքը  ժամանակավորապես է տրամադրվելու սոցապ հիմնադրամին, մենք համաձայնեցինք: ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, համաձայնեցնելով նաև ՊԳԿ վարչության հետ, կուսակցությունը սոցապ հիմնադրամի հետ կնքեց ենթավարձակալության պայմանագիր:

2008թ. հունիսին, երբ կուսակցության նախագահը գտնվում էր անազզատության մեջ ՊԳԿ վարչությունը իբր նոր հանգամանքների առկայության պատճառաբանությամբ դիմեց դատարան` ենթավարձակալությամբ տրված 239քմ տարածքը ԺՀԿ առգրավելու պահանջով: Այդ ժամանակ կուսակցությունը դիմեց ՊԳԿ վարչությանը, որ պատրաստ է օրենքի սահմաններում հրաժարվել ենթավարձակալության պայմանագրից, ինչը անտեսվեց, քանի որ իջեցվել էր քաղաքական պատվեր` կուսակցությունից տարածքը առգրավելու:

Այն ֆինանսական հաշվարկը, թե ինչքան շահույթ է ստացել կուսակցությունը օրենքով չարգելված գործարքի արդյունքում, ևս խեղաթյուրել են, այն  է` պայմանագրով նախատեսված գումարի 20% որպես հարկային պարտավորություն վերադարձվել է պետական բյուջե, որը ՊԳԿ վարչությունը իր հայտարարությունում շրջանցել է:

ԺՀԿ գործունեությունը բոլոր առումներով եղել է հանրության համար հրապարակային, նույնը չես կարող ասել իշխանական կուսակցությունների մասին, մասնավորապես հասարակությունը կուզենար իմանալ, ի°նչ միջոցներով է կառուցվում Հանրապետական կուսակցության նոր շենքը և որքան ֆինանսական միջոցներ է պահանջվում դրա համար, կամ  ի°նչ ֆինանսական միջոցների հաշվին է Հանրապետական կուսակցությունը 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին համատարած ընտրակաշառք բաժանել և վերջապես որքան արժե Հանրապետական կուսակցության նախընտրական փուչիկների շոուն, որի ընթացքում շուրջ 150 մարդ  վնասվեց:

Ամփոփելով ասելիքը, ԺՀԿ համոզված է, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական հետապնդում է` նպատակ ունենալով ոչնչացնել վարչախմբի գոյությունը վտանգող ցանկացած կենսունակ օջախ, որի պատվիրատուն բարձրագույն իշխանությունն է և այս գործընթացը սկսվել է, ոչ թե հիմա, այլ 1998թ.-ից և շարունակվում է մինչ օրս:

Այնուամենայնիվ, հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը հետևություն կանի և ողջամիտ ժամկետներում համաձայն «կուսակցությունների մասին» օրենքի 26 հոդվածի, մասնավորապես , առաջնահերթ իրավունք ունեցող ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների մասին, կտրամադրվի այընտրանքային համարժեք տարածք` ԺՀԿ կենտրոնական գրասենյակի համար:

Հ.Գ. Վարչապետին ուղղված ՀԱԿ ֆրակցիայի նամակը, ԺՀԿ այլընտրանքային կենտրոնական գրասենյակային տարածք տրամադրելուն  ի պատասխան, առաջարկվել է Արմավիր կամ Գառնի, որը կարծում ենք անլրջության և ցինիզմի դրսևորում է :

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

Լրատվական ծառայություն

17.07.2012թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031