Եվ այսպես, արդեն մի քանի օրից կավարտվեն ԼՂՀ-ում 5-րդ անգամ անցկացվող նախագահական ընտրությունները: Թերեւս գաղտնիք չէ, որ ի սկզբանե ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի են այս կարեւորագույն քաղաքական գործընթացի գրեթե բոլոր կողմերի համար: Հավանաբար, որեւէ անակնկալ չեն ակնկալում նաեւ ԼՂՀ սահմաններից դուրս գտնվող շահագրգիռ կառույցները: Այսօր, արդյունքների առումով, ընտրությունները զուտ վիճակագրական հետաքրքրություն են ներկայացնում. օրինակ՝ քանի անգամ ավելի ձայն կհավաքի մրցապայքարում հաղթողը՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ տեղում հանգրվանած իր մրցակցից: Այսօր՝ ընտրություններից մի քանի օր առաջ, արդեն վստահությամբ կարելի է նաեւ ասել, թե ով է լինելու այդ երկրորդը: Կարծում եմ՝ կասկածից վեր է, որ Վիտալի Բալասանյանը երկրորդ տեղի համար պայքարում որեւէ շանս չի թողել ընտրություններում մասնակից երրորդ թեկնածուին՝ Արկադի Սողոմոնյանին: Վերլուծաբաններն ու դիտորդները չեն կասկածում, որ գալիք ընտրություններում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների միջեւ նույնպես հավաքած քվեների առումով տարբերությունն անհամեմատ է լինելու: Այս պարագայում, թվում է, արցախյան նախագահական ընտրական գործընթացներն այլեւս չեն կարող լուրջ հետաքրքրություն առաջացնել, եթե հաշվի չառնենք այս համապետական քաղաքական միջոցառման ամենակարեւոր նրբերանգը, այն է՝ արդյոք կկարողանա՞ն ԼՂՀ իշխանությունները, երկրի քաղաքական բոլոր ուժերը եւ հասարակության լայն զանգվածները պահպանել ու ամրապնդել նախորդ բոլոր համապետական ընտրություններից ժառանգած ժողովրդավարական ավանդույթները եւ անգամ զարգացնել դրանք: Կասկածից վեր է, որ ոչ իշխանական թեկնածուների գրեթե անմրցունակության պայմաններում ԼՂՀ ողջ հասարակության համար առաջնային պլան է մղվում հասուն պետությանը բնորոշ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Եվ դատելով նախընտրական գործընթացից՝ այս առումով էլ լուրջ խնդիրներ չպետք է առաջանան: Կարծես թե բոլոր թեկնածուներն ունեցել են քարոզարշավ անցկացնելու անխոչընդոտ հնարավորություններ՝ ներառյալ ուժային կառույցի ներկայացուցիչների հետ անմիջական հանդիպումներում քարոզարշավի անցկացումը, դրանից, ի դեպ, բավականին ակտիվորեն եւ անսահմանափակ օգտվել է նախեւառաջ այս ընտրապայքարի թիվ մեկ ընդդիմադիրը՝ Վիտալի Բալասանյանը: Թեկնածուները հավասար հնարավորություն են ունեցել իրենց քարոզարշավը իրականացնել նաեւ արցախյան պետական լրատվամիջոցներով: Եվ պատահական չէ, որ նույն Վիտալի Բալասանյանը գրեթե բոլոր իր հարցազրույցներում եւ հրապարակային ելույթներում ուղղակիորեն խոստովանում էր, որ ընտրարշավն անցնում է նորմալ պայմաններում, իսկ որոշ մանր-մունր թերությունները կամ թյուրիմացությունները օպերատիվ կերպով շտկվում են: Այսքանից հետո այս ընդդիմադիր թեկնածուին շրջապատող որոշ գործիչների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող մեղադրանքները եւ զգուշացումները, այսպես կոչված՝ «վարչական ռեսուրսի» չարաշահման վերաբերյալ, ավելի շատ կանխարգելիչ իմաստ են կրում, իսկ ոմանց համար էլ նոր հարթակ են նախապատրաստում ապագայում իրենց գործունեությանը «վերակենդանացման շունչ» հաղորդելու համար:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ