Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգությանը» քարկոծողներին
Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առիթով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը հիմք դարձավ, որ դեռ 2009 թվականից Հայ ազգային կոնգրեսի սկսած «Ժառանգությանը» քարկոծելու գործը շարունակի ԲՀԿ-ն՝ պայմանավորված նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չստորագրեց արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ: Նկատենք, սակայն, որ ԲՀԿ-ի 37 հոգանոց խմբակցությունից էլ ընդամենը 7-ն են ստորագրել: Այս օրերին «Ժառանգության» հասցեին առանձին ԲՀԿ-ականների հնչեցրած կարծիքների հակադարձումը կարդացեք եւ դիտեք Aravot.am- ում:
«Առավոտը» «Ժառանգության» վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորում «Ժառանգության» նկատմամբ այդ քաղաքական խանդը, հատկապես՝ ոչ իշխանական ուժերի կողմից, այն պարագայում, երբ «Ժառանգությունը» երբեւէ մեծամասնություն չի կազմել եւ քաղաքական որոշումների, գործընթացների վրա էական ազդեցության հնարավորություններ չի ունեցել: «Իհարկե, մենք խորհրդարանում մեծամասնություն չենք ունեցել, այդ առումով ձեր նշած վճռորոշ ձայնը չենք ունեցել: Բայց «Ժառանգության» ձայնը միշտ էլ ծանրակշիռ է եղել հասարակության համար: Ամբողջ պայքարն այդ հասարակական հարգանքին կամ հասարակության կողմից աջակցության արժանանալուն է վերաբերում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով. «Մեր որոշ գործընկերներ այն կարծիքին են, որ կարելի է արմունկներով հրելով, ցեխ շպրտելով վերացնել «Ժառանգության» նկատմամբ հարգանքը եւ դրա ինչ-որ մի մասնաբաժինն իրենց ձգել»: Մեր զրուցակիցը այդ փորձերն ապարդյուն է համարում, քանի որ գտնում է՝ «Ժառանգության» անդամները վաստակել են հանրության սերն ու հարգանքն իրենց աշխատանքի արդյունքում: Զուտ քաղաքական տեխնոլոգիաների առումով՝ կարծում է, որ ընդդիմախոս քաղաքական ուժերի գործելաոճը որոշակի բացասական ազդեցություն ունեցավ «Ժառանգության» իմիջի վրա, բայց չի կարծում, որ դա շատ մեծ էր. «Իրենք փորձում էին «Ժառանգության» հեղինակության հաշվին ինքնահաստատվել, ինչը, չեմ կարծում, արդյունք տվեց կամ կտա»:
Կարդացեք նաև
Վերջերս կարկառուն ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, խոսելով նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության հնարավոր միավորման մասին, շատ դրական էր արտահայտվել: Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը փորձում է նպաստել ընդդիմության միավորմանը, որպեսզի ԲՀԿ-ի միջոցով ավելի վերահսկելի դարձնի ընդդիմությունը: Մեր զրուցակիցը չի կարծում, որ նման սցենարով իրադարձությունները կզարգանան: Ըստ նրա՝ ամեն մի քաղաքական ուժ իր գիծը, մարտավարությունն ունի, եւ միասնական թեկնածու կլինի ԲՀԿ-ի մասնակցությամբ, թե այլ՝ «Ժառանգության» պատկերացրած եղանակով՝ քաղաքացիական դաշտի, մտավորականության, ընդդիմադիր ուժերի ամբողջ կոնգլոմերատով, ժամանակը ցույց կտա: Բայց նա գտնում է, որ ԲՀԿ-ն լինելով խորհրդարանի երկրորդ ուժը՝ կարող է համապատասխան մարտավարություն, նպատակներ ունենալ եւ դրանց հասնելու համար գործողություններ իրականացնել: Արմեն Մարտիրոսյանը զարմանում է «ընդդիմադիր դաշտի որոշ գործընկերների» վրա այն առումով, որ. «ԲՀԿ-ին անընդհատ, կարծես թե, ստիպում են, որ բերեն ընդդիմադիր դաշտ: ԲՀԿ-ի մեր գործընկերներն անընդհատ նշում են, որ իրենք այլընտրանքային ուժ են, ընդդիմության մասին հայտարարություն չեն անում, բայց որոշները, կարծես թե, ուզում են ավելի շատ բարգավաճական լինել կամ մարտնչողի տպավորություն թողնել: Ես կարծում եմ՝ պետք է հանգիստ թողնել ԲՀԿ-ին, եւ իրենք կորոշեն, թե ինչպիսի գործողություններ են ուզում իրականացնել: Իսկ ընդդիմադիր դաշտն էլ, եթե իր մեջ կգտնի այդ ներուժը՝ եսասիրությունից, անձնակենտրոնությունից մի փոքր վեր կանգնելու եւ համատեղ քայլեր իրականացնելու, ապա մենք, իսկապես, կարող ենք առաջ շարժվել»: Մեր զրուցակիցը նշում է, որ «Ժառանգությունը» մշտապես համագործակցության կողմնակից է եղել, եւ դրա ապացույցներն են թե 2003-ի ընտրությունները, թե 2008-ինը, թե Երեւանի ավագանու ընտրությունները. «Բազմաթիվ անգամներ մենք կարողացել ենք մեր «ես»-ը մի կողմ դնել եւ սպասարկել ընդդիմադիր դաշտը: Եթե մեր ընդդիմադիր գործընկերներն իսկապես ազնիվ են փոփոխությունների հարցով իրենց մղումներում, կարող են գոնե մեկ անգամ մի կողմ դնել իրենց անձնակենտրոնությունը, նեղ կուսակցական «ես»-ը եւ աջակցել «Ժառանգությանը»: Իսկ եթե հաջողության չարժանանան «Ժառանգության» ակնկալիքները, ժառանգականները պատրա՞ստ են եւս մեկ անգամ մի կողմ դնել կուսակցական ամբիցիաները՝ Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Քննարկելու մեծ նյութ կունենանք, եթե «Ժառանգությունը» իր թեկնածուին չառաջադրի, բայց հուսով եմ, որ «Ժառանգության» մեջ կա անձնավորություն, ով կարող է այդ համախմբողը լինել: Րաֆֆի Հովհաննիսյանն, իսկապես, խարիզմատիկ առաջնորդ է: «Ժառանգությունն» այն ուժն է, որը հակակրանք չի առաջացնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտ, եւ կարծում եմ՝ կարող ենք ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ունենալ միասնական թեկնածու»:
Ի դեպ, նախկինում Արմեն Մարտիրոսյանի արտահայտած միտքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս խարիզմատիկ առաջնորդ չէ, բավականին քննարկման եւ քննադատության տեղիք տվեց: Նա շարունակում է մնալ իր կարծիքին եւ համոզված է, որ «Տեր-Պետրոսյանի խարիզման կորավ այս տարիների ընթացքում»: Նա գտնում է, որ առաջին նախագահը, իբրեւ քաղաքական դաշտի խաղացող, վաստակել է իր իրավունքն իր գործունեությամբ, բայց նա այլեւս չի կարող ունենալ այն աջակցությունը, ինչն ուներ 2008-ին. «Այս տարիների եւ Տեր-Պետրոսյանի, եւ ՀԱԿ-ի գործունեությունն իրենից վանեց բավականին քաղաքացիական խմբերի, մտավորականների, կուսակցությունների, այդ թվում նաեւ «Ժառանգությանը»: Մինչեւ 2009-ը մենք շատ լավ համագործակցում էինք, բայց իրենք չդիմացան առաջին իսկ խոշոր ընտրությանը եւ սկսեցին քարկոծել «Ժառանգությանը»: Նմանատիպ գործընթացների արդյունքում է, որ առաջին նախագահն այլեւս չի կարող ունենալ այն աջակցությունը, որն ուներ 2008-ին, առավել եւս մարտիմեկյան իրադարձություններից հետո, երբ հասարակությունն առաջին նախագահին սպասում էր Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ նա չեկավ: Այս էջն այլեւս չի կարող շուռ գալ եւ կրկնվել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ