Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արգելելու շատ բան կա

Հուլիս 17,2012 12:59

Իրանի իշխանությունները արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել հավի մսից պատրաստվող ճաշատեսակներ, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով vz.ru կայքը: Այդ երկրի ոստիկանապետը բացատրեց, որ Իրանի ոչ բոլոր քաղաքացիներն են կարող իրենց թույլ տալ հավի միս գնել, եւ եթերով այդ միսը տեսնելիս կարող են բացասական էմոցիաներ առաջանալ, ինչը, հնարավոր է, կդառնա սոցիալական դժգոհության պատճառ: Եթե մերոնք էլ այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա մեր եթերով էլ շատ բան կարգելվի: Ենթադրենք, Հայաստանում ոչ բոլորն են կարող «Բենթլի» մեքենա ձեռք բերել՝ դրա համար անհրաժեշտ է թափով սանիկ ունենալ: Հետեւաբար, երբ սերիալում երեւէ «լավ տղա» «Բենթլի» է նստում, դա նույնպես կարող է սոցիալական բողոք առաջացնել: Ահա ձեզ չափորոշիչներից մեկը՝ բոլոր սերիալային հերոսները, անկախ այն հանգամանքներից՝ նրանք մաֆիոզիներ են, թե ջութակի դասատու, պետք է երթեւեկեն «07»-ով: Հայաստանում էլ կան, ինչպես հայտնի է, մարդիկ, որոնք ուզում են, որ մեզ մոտ լինի այնպես, ինչպես Իրանում: Նրանց դուր չի գալիս հեռուստատեսային արտադրանքը, եւ նրանք դիմում են երկրի ղեկավարին, որ նա խնդիրը կարգավորի՝ ազգը դեգրադացիայից փրկելու համար: (Կարող էին, ի դեպ, նույն հաջողությամբ դիմել ոստիկանապետին՝ զուգահեռն ավելի կատարյալ դարձնելու համար):

Նախ՝ կարծում եմ, որ դեգրադացիայի մասին խոսակցությունները բիձայական փնթփնթոցներ են: Մենք 40 տարի առաջ էլ այդ «դեգրադացված» վիճակում էինք. Զեյնաբ Խանլարովան մի քանի օր շարունակ հավաքում էր 72 հազարանոց «Հրազդան» մարզադաշտը: Այնպես չի, որ ողջ ազգն ապրում էր բարձր ինտելեկտուալ, մշակութային եւ ազգային արժեքներով, եւ հանկարծ անկախությունից հետո մեր երկիր ներխուժեցին դավադիր իմպերիալիստները ու դուրս բերեցին մեզ երանելի հոգեւոր վիճակից՝ պարտադրելով մեզ համար խորթ արժեքներ: Մտավոր խավարի մեջ խարխափող մարդիկ թե այն ժամանակ էին լսում էժանագին երաժշտություն, թե հիմա, այն ժամանակ էլ էին դիտում ցածրաճաշակ ֆիլմեր, հիմա էլ: Պայքարել դրա դեմ պետք է՝ հասարակական ակտիվությամբ, հոդվածներով, քննարկումներով, ինքնակարգավորման մեխանիզմներ մշակելով: Բայց ոչ՝ արգելելով, օրենսդրական եւ գործադիր իշխանությանը որպես «պապա» կանչելով եւ դրանով փորձելով բացարձակացնել սեփական ընկալումներն ու ճաշակը: Թե չէ՝ որ պետությունը խառնվեց, հասարակությանը պարտադրվելու է չինովնիկների, իշխանավորների ճաշակները: Իսկ ի՞նչ երաշխիք, որ դրանք անթերի են:

Չնայած հնարավոր է, որ առաջիկայում քաղաքական ուժերն էլ միանան ազգափրկիչ նախաձեռնություններին եւ, ասենք, ստորագրություններ հավաքեն՝ ԱԺ-ում սերիալներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Ով չստորագրի, նա կողմ է հայ ժողովրդի ինքնության ոչնչացմանը եւ բարոյական կործանմանը: Էլի զբաղմունք է՝ ամառվա ամիսներին չեղած տեղը կարելի է մի երկու շաբաթ դրա մասին խոսել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Եթե ճշմարտության աչքերին նայենք, ապա սխալ է Զեյնաբ Խանլարովային նեղացնելը, նա անճաշակ երգող չէ ու Հրազդան ստադիոնում հավաքված 72 հազար մարդիկ էլ անճաշակ տխմարներ չէին: Էդ երգչուհին իր ազգի Օֆելյան է, ու ՀՍՍՀ ժող արտիստ, եթե չեմ սխալվում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031