«Այսօր Բակո Սահակյանը չի հավաքի 85 % ձայն, որը հավաքել է 2008-ին, որովհետեւ նա պայքարել է կաշառակերների դեմ: Դա է պատճառը, որ նրա ընտրողները մոտ 10 տոկոսով պակասել են»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց «Սոցիոմետրի» նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Նրա դիտարկմամբ՝ ընտրողների 75 տոկոսը ձայնը տալու է Բակո Սահակյանին:. «Բալասանյանը մի էջի վրա մի հատ ծրագիր է գրել ու ստացվում է, որ կեղծիք է դա, որ ասածներն իրենից բան չեն ներկայացնում: Գրագետ զանգվածը պաշտպանում է Բակո Սահակյանին, որովհետեւ գիտի, թե ինչ է այս տարիներին արել նա: Հիմա ես չեմ պաշտպանում Բակո Սահակյանին, որովհետեւ նա դրա կարիքը չունի»: Վիտալի Բալասանյանը, Ադիբեկյանի գնահատմամբ՝ ձայներ կարող է հավաքել այն գյուղից, որտեղ ծառայել է, բանակում իր նախկին ստորադասներից, մի խոսքով՝ անձնական կապերով միայն, ոչ թե գաղափարական ծրագրերով:
Ըստ պարոն Ադիբեկյանի, Ղարաբաղում ընտրողների թվաքանակը բնակչության համեմատ 1500-ով նվազել է. «Նրանք այն մարդիկ են, ում պոչը սեղմել է Բակո Սահակյանը, թողել Ղարաբաղից գնացել են: Եվ ասել, որ Ղարաբաղում ընտրողների վրա ճնշումներ են լինում, ահաբեկում են՝ անհնար կլինի հավատալ»:
Անդրադառնալով հայաստանյան քաղաքական գործընթացներին՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ «եթե մեր ընդդիմությունը հենվի չափավոր ընդդիմադիր էլեկտորատի ու կենտրոնամետի վրա, նրանք գնում են դեպի արմատականը, որի տոկոսը ընտրողների մեջ ցածր է, եւ չի ապահովի դրանց իշխանության հետ գալուն: Դա մենք տեսնում ենք ՀԱԿ-ի՝ Կոնգրեսի մոտ, այսօր ՀՅԴ-ն է գնում դեպի ծայրահեղ ընդդիմություն: Իրենք կորցնում են այն հատվածը, որը վճռորոշում է ցանկացած ընտրություններում ցանկացած երկրում՝ դա տատանվողներն են եւ կենտրոնամետ ընտրողներն են ե՛ւ աջից, ե՛ւ ձախից: ԲՀԿ-ի հաջողոթյունն այս ընտրություններին բացատրվում է նրանով, որ նրա կեցվածքը չափավոր էր եւ կենտրոնամետ էր: Նա ընդդիմադիր դաշտից մեծ ձայներ է հավաքել»:
Կարդացեք նաև
Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ