Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ճանապարհի վերականգնման ժամկետը խախտվեց, ճանապարհաշինարարները «ձեռի հետ» բազալտ են իրացնում

Հուլիս 17,2012 11:40

 2011թ. հոկտեմբերի 2-ի Այրումի սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350 մ հատվածի վերականգնումը, ըստ պայմանագրի , պետք է ավարտվեր հուլիսի 16-ին: Սակայն նախատեսված ժամկետում ճանապարհը չվերականգնվեց: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սողանքից քանդված ճանապարհահատվածի վերականգնումը կատարում է մարտի կեսերից, պետբյուջեի 550 միլիոն դրամ ֆինանսավորմամբ:

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզ, Այրումի սողանքի գոտի այցելած ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին «Ճանապարհաշինարար» ՍՊԸ ղեկավար Էդուարդ Բեզոյանը հավաստիացնում էր, որ ճանապարհը կվերականգնվի նախատեսված ժամկետում: Էդուարդ Բեզոյանը մինչ այդ մեզ հետ հեռախոսազրույցում հավաստիացրել էր, որ իրենք սողանքից քանդված ճանապարհի վերականգնումը կավարտեն նախատեսված ժամկետից՝ հուլիսի 16-ից շուտ:

Այրում քաղաքի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն ճանապարհի վերականգնման աշխատանքներին զուգահեռ զբաղվում է սողանքի գոտում հանվող բազալտի ժայռակտորների իրացմամբ: Դեբեդի հովտում գործում են քարի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններ: Դրանք ճանապարհաշինարարներից գնում են սողանքի գոտուց հանվող բազալտի մեծ կտորները, իսկ ճաքեր ունեցող, վերամշակման համար անպիտան բազալտի ժայռերը լցվում են Դեբեդ գետ:

Փաստորեն ձախողվեց հույժ կարեւոր գործ` միջպետական ճանապարհի 350 մ հատվածի ժամանակին վերականգնումը: Նշենք, որ 2011թ. դեկտեմբերին, ձմռան ցրտին պետբյուջեի ֆինանսավորմամբ Իջեւանում, Կողբում, Նոյեմբերյանում համայնքային նշանակության ճանապարհներ էին ասֆալտապատում, իսկ միջպետական ճանապարհի սողանքից քանդված հատվածում լռություն էր: Հնարավոր չէ՞ր այդ 550 միլիոն դրամն ավելի շուտ հատկացնել, ներհամայնքային ճանապարհների ձմեռային ասֆալտապատումը միջպետական ճանապարհի վերականգնումից հրատա՞պ էր:

Այրումի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: 40-50 տոննա քաշով մեքենաների ճնշումից Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց հատվածներում, շատ տեղերում ասֆալտի ծածկույթը քանդվել է: Ճանապարհով երթեւեկությունն ապահովելու համար քանդված տեղերում խճաքար են փռել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031