Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը նմանվում է հարուստ փեսացուին հետապնդող պչրուհու»

Հուլիս 17,2012 11:13

 Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնության շռնդալից տապալումից հետո կրկին համոզվեցինք, թե որքան անհեթեթ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին պնդումները:

   Ընդհանրապես նրանք, ովքեր հայտարարում եմ, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են, նրանք կամ արտահայտում են սեփական ցանկությունը, կամ ուղղակի կեղծում են իրականությունը:
ՀԱԿ առաջնորդի հայտնի «քաղաքագիտական վերլուծության» պատճառով ՀԱԿ-ը լքած կուսակցություններն ու գործիչներն էլ են նույնը պնդում, ասելով, թե «երբ համոզվեցինք, որ այդ վերլուծությունը իրական է, դարձել է ՀԱԿ-ի քաղաքականությունը, որը գնում է ԲՀԿ-ի հետ համագործակցության, որոշեցինք դադարեցնել մեր գործունեությունը կոնգրեսում»:
Բայց հոկտեմբեր ամսից սկսած (երբ Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր «քաղաքագիտական վերլուծությունը») մինչ օրս որտե՞ղ եք տեսել ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն, կոնկրետ ի՞նչ քայլերով է արտահայտվել:
Այնպես որ խոսել ՀԱԿ-ԲՀԿ իրական եւ լուրջ համագործակցության մասին, դա, մեղմ ասած, չափազանցություն է:
Իրական եւ լուրջ համագործակցության պարագայում քաղաքական ուժերը համատեղ ինչ-որ պլատֆորմ են մշակում եւ պայմանավորվում են միասին իրագործել կոնկրետ ծրագրեր: Ավելին` կողմերն իրենց ստորագրություններն են դնում այդ փաստաթղթի տակ: Մինչդեռ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նման պլատֆորմ չեն հաստատել: Ուրեմն ի՞նչ համագործակցության մասին է խոսքը:
ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցության «առհավատչյան» գուցե այն է, որ երկուսն էլ գործում են, այսպես ասած, նույն «տարածքո՞ւմ», երկուսն էլ համարվում են ոչ կոալիցիոն ուժե՞ր: Թերեւս ոմանք այս հանգամանքը նկատի ունեն, երբ պնդում են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին:
Բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանին չափազանց հմայիչ թվաց ԲՀԿ-ի` իրեն տրված բնորոշումը` «այլընտրանքային» ուժ: Եվ անգամ ՀԱԿ առաջնորդը իր պատգամավորներին հրահանգեց առաջիկայում խորհրդարանում հանդես գալ Կանոնակարգ-օրենքը փոխելու նախաձեռնությամբ, որ հանկարծ ԲՀԿ-ն սեփական կարգավիճակի ընտրության հարցում իրեն «անհարմար չզգա»:
Սակայն Տեր-Պետրոսյանի այս քծնանքն էլ չօգնեց, ու ԲՀԿ-ն «չհալվեց» նրա հերթական հաճոյախոսությունից եւ իր նկատմամբ դրսեւորած քնքուշ վերաբերմունքից:
Գուցե այդ համագործակցությունը այնքան կոնսպիրատիվ բնույթ ուներ, որ մենք չե՞նք տեսնում: Գուցե գիշերնե՞րն են համագործակցում: Բայց ախր ցերեկը արդյունքը տեսնում ենք, չէ՞: Ինչպես տեսանք մի քանի օր առաջ, երբ ԲՀԿ խմբակցության անդամների գերակշիռ մասը, արհամարհելով ՀԱԿ-ի նախաձեռնությունը, մեկնեց արձակուդ, ինչի պատճառով ՀԱԿ խմբակցությանը չհաջողվեց հավաքել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը:
Եվ, ի դեպ, աշնանն էլ, եթե ՀԱԿ-ը դարձյալ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք նախաձեռնի, ապա ամենայն հավանականությամբ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի դրան: Համենայն դեպս այսօրվանից արդեն ԲՀԿ խմբակցության քարտուղարը նախազգուշացրել է, որ իրենց վրա հույս չդնեն:
ՀԱԿ-ը գնալով նմանվում է հարուստ փեսացուին հետապնդող պչրուհու, որն ամեն կերպ ջանում է «կապել» իր համար չափազանց համակրելի եւ ապահով երիտասարդին:
Ոմանք կասեն, իսկ միասնական շտա՞բը, իսկ ԱԺ ներկայացված կառավարության ծրագրի հաստատման ժամանակ երկու ուժերի «դեմ» արտահայտվելու «ներդաշնակ գործելակե՞րպը»:
Նախընտրական շրջանում ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու նպատակով ձեւավորված միասնական շտաբի 20-օրյա գործունեության ընթացքում երեք քաղաքական ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) համագործակցությունը հայտնի է, թե ինչով ավարտվեց: Եթե այդ համագործակցությունն իրական էր, ապա մասնավորապես ԲՀԿ-ն ինչո՞ւ չմիացավ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան ներկայացրած ՀԱԿ-ի հայցին:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին «դեմ» քվեարկելուն, ապա դա եղել է, այսպես ասած, «սեպարատ» քվեարկություն, եւ դարձյալ դժվար է այստեղ համագործակցության դրսեւորում տեսնել: Երկու ուժերի միջեւ չի եղել եւ ոչ մի պայմանավորվածություն, թե պետք է «միասնաբար» «դեմ» քվեարկել ծրագրին: Յուրաքանչյուրը կայացրել է սեփական որոշումը, եւ քվեարկել են համաձայն իրենց որոշման: «Դեմ» քվեարկության «համընկնումը», ամենամեծ ցանկության դեպքում դարձյալ հնարավոր չէ համագործակցության արդյունք համարել:
Այսքանից հետո իսկապես զարմանալի է, երբ ոմանք, առաջին հերթին՝ ՀԱԿ-ը, տարածում են խոսակցություններ առ այն, թե իբր գոյություն ունի համագործակցություն իր եւ ԲՀԿ-ի միջեւ: Թե ինչով կամ ինչպես է դա արտահայտվում, արդեն ներկայացրինք ու նկարագրեցինք:
Լիներ ավելի «սերտ համագործակցության» օրինակ, անկասկած, դա էլ կներկայացնեինք: Ավաղ: Եվ կարծել, թե աշնանը «սերտացման» դրսեւորումներ են լինելու, ասենք, օրինագծերի վերաբերյալ համաձայնեցված քայլեր ու դիրքորոշումներ են արտահայտվելու, իհարկե, միամտություն է:
Մի խոսքով, ՀԱԿ-ԲՀԿ «համագործակցությունն» իրական է այնքանով, որքանով որ իրական է ՀԱԿ-ի մեկուկես ամիս առաջ արած այն պնդումը, թե իր «շնորհիվ» էր, որ ԲՀԿ-ն որոշեց մաս չկազմել իշխանական կոալիցիային:

 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031