«Այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք»,- անդրադառնալով հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված` Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին ընդունված օրենքին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: «Կառավարության բացատրությունն այն էր, թե ապրիլ-մայիս ամիսները եղել են չորային, եւ այնպիսի կլիմայական պայմաններ են ստեղծվել, որ, չնայած ձնառատ ձմեռվան, ջրամբարները դատարկ են, գետերի հոսքը խիստ կրճատվել է, եւ ստեղծված իրավիճակում միակ հնարավորությունը Սեւանն է: Նշում են, թե այնպես ստացվեց, որ ձյունը հալվելուց լցվեց ոչ թե ջրամբարներ կամ գետեր, այլ կլիմայական պայմանների պատճառով ներծծվեց հողի մեջ: Եթե անգամ դա այդպես է, ապա պետք է նկատել, որ ջուրը երբեք ոչ մի տեղ չի կորչում: Դա նաեւ նշանակում է, որ հողը պետք է լիներ ավելի խոնավ, գրունտային ջրերը` ավելի հարուստ, ինչն, ի վերջո, ինչ-որ ձեւով պետք է արտացոլվեր նաեւ ջրի վերգետնյա հոսքում: Այսինքն` այստեղ ինչ-որ առեղծված կա: Միգուցե գիտությունը պետք է դիտարկի այդ խնդիրը` փորձելով պարզել այդ առեղծվածը»,- նշել է նա` տարակուսանք հայտնելով նաեւ կառավարության ներկայացրած այն հիմնավորման առնչությամբ, թե այս տարին սակավաջուր է լինելու: «Բնությունը, կարծես, հակասեց: Հայաստանում երբեւէ չի եղել այնպես, որ հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին այսքան անձրեւաշատ եղանակներ լինեն»,- ասել է Կ. Դանիելյանը` ավելացնելով, որ Սեւանա լճից կարելի է բաց թողնել` 170, ծայրահեղ դեպքում` 200 մլն խմ ջուր:
«168ԺԱՄ»