Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ Ջերմուկում բացվել է կանանց շախմատի Գրան-պրի մրցաշարը, որտեղ նաև որոշվելու են աշխարհի չեմպիոնի կոչման երկու հավակնորդների անունները: Մի կողմից` ուրախալի է, որ Հայաստանում անցկացվում է նման նշանակալից մրցաշար, որին մասնակցում են աշխարհի լավագույն շախմատիստուհիները, իսկ մյուս կողմից էլ սա Հայաստանում կողք կողքի քայլող պերճանքի ու թշվառության հերթական վկայությունն է: Կամ, ավելի շուտ, պերճանքը Հայաստանում քայլում է, իսկ ահա թշվառության մասին նույնն ասել հնարավոր չէ, քանի որ այն կազմող շերտերը մի կերպ գոյատևում են:
Հայաստանում շախմատի համաշխարհային մակարդակի սուպերմրցաշար է անցկացվում, միաժամանակ մենք ականատես ենք լինում սոցիալական և իրավական սուպերանարդարության և սուպերանպաշտպանության: Եվ երևի թե որքան մարդ նայում է Ջերմուկի մրցաշարը և ուրախանում, որ Հայաստանում է անցկացվում այդպիսի մակարդակի շախմատային միջոցառում, նույնքան քաղաքացիներ էլ նայում են մրցաշարը, դրա բացմանը մասնակցող նախագահին և հայհոյում շախմատն էլ, մյուս բոլոր մարզական և տարաբնույթ այլ խաղերն էլ, խաղացողներին էլ, պատվավոր հյուրերին էլ, քանի որ իրենք և իրենց երեխաները չգիտեն ինչպես հայթայթել օրվա հացը, ապրուստի համար անհրաժեշտ նվազագույն այլ միջոցներ:
Այդ ամենը կա, իրականություն է, փաստ. այդ ամենն է այսօր Հայաստանը: Եվ իշխանությունը Հայաստանում՝ շախմատի սուպերմրցաշարը բացող նախագահի գլխավորությամբ, չի անում այն անհրաժեշտը, որը թույլ կտա Հայաստանում ձևավորել սոցիալական արդարության և իրավական հավասարության միջավայր: Հետո զանազան նոր ու հին ՀՀԿ-ականներ հանդես են գալիս հանրությանն ուղղված հանդուրժողականության և միասնականության կոչերով: Նրանց համար բավական հեշտ է, նրանք պերճանքի ու թշվառության արանքում ինչ-որ մի տեղ են ու մտահոգ են որևէ ակտիվ զարգացմամբ, քանի որ նրանց կարող է պարուրել պերճանքը, բայց միաժամանակ կարող է լինել հակառակը, և թշվառությունը կարող է սրբել իրենց:
Կարդացեք նաև
Հենց այդպես էլ ապրում է Հայաստանը՝ մի տեղ զվարճանք ու ժամանց, մեկ այլ տեղ` սոված, մերկ ու վատառողջ մանուկներ՝ 21-րդ դարում, մի երկրում, որը մեկ շնչին բաժին ընկնող հայրենասեր ու մարդասեր միլիոնատեր պաշտոնյաների ու օլիգարխների քանակով երևի թե վաղուց անհասանելի է աշխարհում:
Այդ Հայաստանը հաճախ անհասանելի է պարզ տրամաբանության համար, թե ինչպես են երկրում այդպես զվարճանում, վայելում կյանքը թանկարժեք մեքենաների, շքեղ ժամանցի վայրերի և հարմարավետ բնակարանների մեջ, ու ինչպես է այդ երկրում բնակչության 30 տոկոսից ավելին ապրում աղքատության շեմից ներքև:
«Ժամանակ»