Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյան. «Ուղղակի ամոթ է, որ մեր փոքր երկրում թիկնապահներով են ման գալիս»

Հուլիս 16,2012 22:34

«Ինձ համար անընդունելի է, որ սոցիալապես նման երկրում թիկնապահներով ման գան, թիկնապահներին նման արտոնություններ տան, եւ այնպիսի մթնոլորտ ստեղծեն նրանց համար, որոնք կարող են ցանկացած պահի նման երեւույթ թույլ տալ իրենց»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հարսնաքարի» միջադեպին այսպիսի կոշտ գնահատական տվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար եւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝ «Մենք բազմիցս ենք ասել՝ ոչ միայն Վահեի դեպքը, այլ ընդհանրապես այն բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունենում զուգահեռ` դատապարտելի են: Մենք այդ նույն օրերին ականատես եղանք նորից, որ Իջեւանի ռեստորաններից մեկում դարձյալ ծեծկռտուքի արդյունքում մարդ մահացավ: Խնդիրն այստեղ ավելի խորքային է: Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր պատճառներն ու առիթները, որոնք հանգեցնում են նրան, որ փոքրիկ վիճաբանությւնների արդյունքում սպանություն է տեղի ունենում: Անհանդուրժողականության մթնոլորտը պետք է բացառենք: Ի վերջո մենք մեր երկրի քաղաքացիներ ենք, եւ եթե մեկս մյուսին մի փոքրիկ բան չներելու դեպքում իրար սպանում ենք, սա լուրջ, խորքային խնդիր է, այստեղ  միայն «Հարսնաքարի» դեպքը չէ, որ պետք է առանձնացնել: Պետք է ընդհանուր նայել, եւ այդ խնդրին անհրաժեշտ մոտեցում ցույց տալ»:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն այս տարվա փետրվարին է ընդունվել: Մեր հարցին, այդ օրենքը չի՞ գործում ու չպե՞տք է կարգավորեր դաշտը՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ես իհարկե չգիտեմ, Իջեւանի այդ ծեծկռտուքին թիկնազորից մասնակցել են, թե ոչ, քանի որ ձերբակալվել են եւ հարցը ուսումնասիրության դաշտում է: Դեռ չեն տեղեկացրել, թե ովքեր են ծեծողները, ինչ իրավունք են ունեցել այդտեղ լինելու, ինչ գործառույթներ են նրանք իրականացրել, ինչ պարտականություններ ունեն այդ օբյեկտի աշխատողները, որ թույլ են տվել նման ողբերգական քայլ կատարել: Առաջին հերթին պետք է դա իմանալ: Երկրորդ հերթին ուղղակի ամոթ է, որ մեր փոքր երկրում մարդիկ ընկած այսպես թիկնապահներով են ման գալիս, չգիտեմ, այդ թիկնապահներին են արտոնությունների տալիս: Մենք մեկս մյուսին շատ լավ ճանաչում ենք եւ գիտենք, թե թիկնապահներ ովքեր են ցանկանում պահել եւ ի վերջո՝ ինչու: Կա այդպիսի ծառայություն, որից պետք է հարկ եղած դեպքում օգտվել եւ այդպիսի շահարկումներից հեռու մնալ»:

Մեր դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ մի քանի անգամ մահափորձ է արվել, միգուցե մարդը իսկապես ունի՞ թիկնապահի կարիք, դրա համար է թիկնազորով ման գալիս` Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում: Իհարկե, մարդիկ պատճառներ ունեն: Երկու պատճառ կարող է լինել. այն, որ իրենց անվտանգության հետ կապված իրենք մտահոգություն ունեն, եւ երկրորդը, որ իրենք դա որպես շքեղություն են անում: Ես չեմ կարող ասել, թե պարոն Հայրապետյանը որ տեսանկյունից է այդ խնդրին նայել: Ես ավելի խորքային չգիտեմ` նա թիկնազոր ունի, չունի եւ չեմ  կարող գնահատական տալ: Ես ընդհանուր եմ գնահատական տալիս, ոչ թե Հայրապետյանի հետ կապված, այլ ընդհանրապես թիկնազոր պահելու հետ կապված: Կարող են ունենալ մտահոգություն եւ կարող են համարել շքեղություն, ուղղակի ձեւական, տպավորություն թողնելու համար, որը ոչ մի հիմք չունի մտածելու, որ դա անհրաժեշտ է: Եվ կան դեպքեր, որ մարդկանց անձի հետ կապված խնդիրներ են առաջանում, եւ մարդը մտածում է, որ իրեն թիկնազոր է պետք` պաշտպանելու իր անձը, եթե ունի հակառակորդներ, թշնամիներ: Ես չգիտեմ, թե Հայրապետյանը կոնկրետ ինչու է թիկնազոր պահել, հարցին երեւի թե ճիշտ կլինի, որ ինքը պատասխանի»:

Դուք կոնկրետ թիկնապահ ունե՞ք, կամ ուղեկցող գուցե՝ տիկին Բիշարյանը հարցին հարցով պատասխանեց. «Ե՞ս: Որ ասեի` այո, կհավատայի՞ք: Ոչ, երբեք չեմ ունեցել, եւ ինչո՞ւ, ես ումի՞ց եմ ինձ պաշտպանելու, իմ ժողովրդի՞ց, որի ծառան եմ ես»:Մեր հարցին` թշնամիներ չունե՞ք` տիկին Բիշարյանը պատասխանեց. «Բացարձակապես թշնամիներ չունեմ, եւ երբ նույնիսկ մեծամասնական ընտրակարգով 2-3 ամիս աշխատում էի Շենգավիթ համայնքում, ես իմ բնակիչների հետ ոտքով, մեքենայով ամեն թաղամաս եմ մտել, տներ եմ մտել եւ որեւէ մտահոգություն չեմ ունեցել, որ ինչ-որ մեկը պետք է ինձ պաշտպանի իմ ժողովրդից: Ես գործարար չեմ, սովորական մարդ եմ, պատգամավոր, որը ժողովրդի ծառան է, որեւէ խառը տնտեսական պրոբլեմների մեջ չկամ, գուցե դա է պատճառը, որ ես հանգիստ եմ, եւ որեւէ մեկից պաշտպանվելու խնդիր չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031