Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին պատրաստվում է խլել Վրաստանի սրտային հիվանդներին

Հուլիս 16,2012 21:51

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրամանով Գյումրու նորակառույց  բազմապրոֆիլ  հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար   է նշանակվել մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Իսահակյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնը:

Նշենք, որ  13 միլիոն դոլար արժողությամբ հինգ հարկանի շենքը կառուցվել է Գյումրու կենտրոնում`  Համաշխարհային բանկի վարկային ծրագրով   և  դեռևս շահագործման հանձնված չէ: Մասնագետների հավաստմամբ`  այն  տիպային հիվանդանոց է, և նման կառույց  չկա  ոչ Անդրկովկասում,  ոչ էլ Հայաստանի որևէ այլ  քաղաքում: Այն միավորելու  է  Գյումրու մյուս բոլոր հիվանդանոցները:

Քանի որ առողջապահության պատասխանատուները հանրապետության  երկրորդ քաղաքի առողջապահության փրկության հույսը կապում են հենց այս  կառույցի գոյության հետ, ուստի տնօրենի ընտրությունը ևս պատահական չէ: Նշանակել են այնպիսի անձի, ով  մեծ ներդրում ունի Գյումրու ծննդատան վերակենդանացման մեջ. գյումրեցիների հավաստմամբ,  Արմեն Իսահակյանը իր ղեկավարման 4 տարիների ընթացքում բացառել  է կոռուպցիան  Գյումրու ծննդատանը, բացի այդ ամբողջությամբ վերանորոգել, ժամանակակից ու  հարմարավետ է  դարձրել   ծննդատունը:

Մեզ հետ զրույցում նորանշանակ տնօրենը խոստացավ Գյումրու նորակառույց հիվանդանոցը  դարձնել տարածաշրջանի   հեղինակավոր բժշկական հաստատություններից մեկը, այնպես աշխատել, որ այն գրավիչ դառնա ոչ միայն   ջավախքահայության, այլև  Վրաստանի մյուս բնակիչների  համար: Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, այս նպատակի իրագործմանը կնպաստի  նորակառույցում հիվանդանոցում մեկ միլիոն դոլար արժողությամբ կորոնոգրաֆիայի սարքի տեղադրումը, որից երկրորդը չկա Հյուսիսային տարածաշրջանում: Փաստորեն այսուհետ Գյումրիում   կատարվելու   է սրտի կորոնոգրաֆիա և ստենդավորում` Նորք -Մարաշ բժշկական կենտրոնի լավագույն մասնագետների հետ համատեղ: Արմեն Իսահակյանը նաև փոխանցեց, որ Գյումրու մյուս բոլոր հիվանդանոցների օպտիմալացման արդյունքում  որևէ  մեկը գործազուրկ չի դառնալու, աշխատանքից չի ազատվելու: Ավելին, ըստ նորանշանակ տնօրենի, նույնիսկ նոր` մոտ 30  աշխատեղեր  են բացվելու, օրինակ` ընդունելու են   կարդովիրաբույժների, նույն բաժանմունքում աշխատող   բուժքույրերի: Նշենք, որ այժմ Գյումրու Ծննդատունը ժամանակավորապես ղեկավարում է մարզի գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, ով ժամանակին եղել է  հենց ծննդատան տնօրենը, սակայն թոշակի անցնելու պատճառով պաշտոնազրկվել էր:  Ծննդատան աշխատակիցները մեր միջոցով մարզպետ Գիզիրյանին խնդրեցին այս պաշտոնում  նշանակել այնպիսի մեկին, որի աչքը կուշտ կլինի,  ինտրիգներ չի սիրի  ու ավելորդ պատմություններ չի սարքի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031