Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշիկի աչքերը իսկապե՞ս սեւ էին

Հուլիս 16,2012 20:36

 «Կնայեմ աչքերի մեջ, ամեն ինչ կհասկանա»: Մինչ Արմենը մտածում էր աղջկան ինչ-որ բան հասկացնելու մասին, աղջիկն իր մտքում արդեն որոշակի ծրագիր կազմել էր, միայն թե այստեղ Արմենն իր տեղը չուներ:

 

Ժամը 13:05 րոպե Արմենն արդեն սրճարանում էր. աղջիկն ընկերուհիների հետ նորից նույն տեղում է, նույն ժպիտը, հայացքը… Արմենը սովորության համաձայն մոտենում եւ նստում  է այն աթոռին, որտեղից արդեն մեկ տարի է՝ հետեւում է նրան: Արմենը նայում է մատուցողին, սա մի հայացքից հասկանում է. գարեջուրն արդեն սեղանին է, իսկ Արմենի հայացքը՝ նրա վրա գամված:

Ամեն աշխատանքային օր, նույն ընդմիջման ժամին, նույն տեղում, նրանք հանդիպում են, արդեն այնքան են հայացքներով փոխանակվել, որ Արմենին, թվում է, թե ամբողջ կյանքում նրան տեսել է եւ դեռ տեսնելու է, մի տեսակ շատ են հարազատացել: Հիմա էլ նստած ամեն օրվա նման նույն բանն է մտածում. «Ինքն էլ ինձ է նայում, արդեն պարզ ա, նա էլ ա հետաքրքրված ինձանով, կարելի ա էս անգամ հետեւից գնալ, պարզել, թե որտեղ ա աշխատում, հնարավոր ա՝ ծանոթներ էլ ունենամ էնտեղ,  հետաքրքիր ա՝ կա՞ մի տեղ, որ ես ծանոթ չունենամ… գոնե անունը կիմանամ… մենակ իմանային հիմա ինչեր ա մտքովս անցնում, հաստատ կծիծաղային, բայց վաղը … վաղը արդեն կմոտենամ»,- մտածում է Արմենը՝ հայացքը մի պահ անգամ չկտրելով աղջկա վրայից, աղջիկն էլ շեշտակի նրան է նայում, այնպես, որ ստիպված Արմենն է հայացքը փախցնում: Աղջիկը կանգնում է, ընկերուհիներն էլ նրա հետ, քայլում են Արմենի կողքով, դուրս գալիս սրճարանից: Արմենն արդեն վճռական է, գնալու է, պարզելու, թե  որտեղ է նա աշխատում … «Էս ու՞ր են գնում, կանգա՞ռ, կանգառու՞մ են աշխատում, չէ է, երեւի գործն են շուտ ավարտել, գնում են տուն, սրճարան էկավ նորից ինձ տեսնելու, փաստորեն իմ համար ա նա միշտ սրճարան գալիս, այ քեզ բան. Լավ, վաղը կպարզեմ՝ որտեղ ա աշխատում… միգուցե հիմա գնամ հետեւից, տեսնեմ՝ ու՞ր ա գնում, կարող ա՝  հարմար լինի, մոտենամ, հետը խոսամ… լավ, վաղը կխոսեմ, էսօր մի տեսակ սիրտս կախ ա, փաստորեն 15 համարի մարշուտկայով ա գնում, էս ընկերուհիներն ի՞նչ են կպել, ընենց են հաջող անում, ոնց որ վաղը նորից իրար հետ չեն աշխատելու… լավ է,  գնամ աշխատեմ, վաղը հաստատ կմոտենամ, կասեմ ինչ եմ իրա նկատմամբ զգում, մենակ՝ ճիշտ զգացած լինեմ, որ ինքն էլ ինձանով ա հետաքրքրված…»,- մտածում է Արմենը:

Հաջորդ օրն Արմենն արդեն 1-ից 10 պակաս սրճարանում էր, նորից նույն տեղը, գարեջուրը դեռ պատվիրված չէր, հայացք սրճարանի դռանը, սպասում էր նրան: Դուռը բացվեց, մտան աղջիկներ. «Ընկերուհիներն են, հիմա նա էլ կգա>>,- մտածեց Արմենը: Ընկերուհիները տեղավորվեցին, Արմենի հայացքը սպասում էր: « Հեսա կգա»,- այսպես մտածեց մոտ մեկ ժամ, մինչեւ ընկերուհիները վեր կացան եւ լքեցին սրճարանը: «Երեւի հիվանդացել ա , կարող ա  բարեկամներից մեկն ա մահացել… ի՞նչ եմ է մտածում, թարս ա էլի, պիտի էն օրը մոտեցած լինեի, լավ է, ինչ եմ դարդ անում, մի տարի բան չեմ արել, դիմացել եմ, մի օր էլ կդիմանամ, վաղը կգա, կմոտենամ, կխոսանք, գիտեմ` հաստատ ամեն ինչ լավ ա լինելու»,- Արմենն արդեն հասել էր գրասենյակ:

Հաջորդ օրը Արմենի համար րոպեները դար էին թվում, ժամանակը մի տեսակ կանգնել էր,  հինգերորդ անգամն էր արդեն նայում նույն փաստաթուղթը, ֆեյսբուքում էլ արդեն հետաքրքրող բան չկար: Վճռել էր` սրճարան կգնա 1:30, չի ուզում նախորդ օրվա պես սպասել, հետո հուսալքվել. «Կգնամ, կմտնեմ, արդեն նստած կլինի, ուղիղ կնայեմ աչքերի մեջ, թող ինքն էլ իմ աչքերի մեջ նայի, էս անգամ հաստատ աչքերս չեմ կախի, թող համոզվի, որ ես չեմ զիջելու, հերիք էղավ »,- որոշեց վճռական լինել Արմենը:

1:30 սրճարանի դիմաց էր, չէր ուզում մտնել, մտավ, բայց հայացքը չէր ուզում բարձրացնել. վախ կար. «Բա որ էս անգամ էլ էկացած չլինի»,- հայացքն արդեն նրա սեղանի վրա էր, բայց նա չկար, ընկերուհիները անհոգ ծիծաղում էին, նրանք էլ կարծես նկատեցին Արմենի հայացքը նրանց բացակայող ընկերուհու ուղղությամբ: Արմենը ետ դարձավ, դուրս եկավ սրճարանից. «Ուշացել եմ, բայց ախր ինչի՞, ի՞նչ անեմ, գնամ գործի, չէ, ավելի լավ է դրսում սպասեմ, երեւի գա, ուշանում ա, չէ է»: Չգիտեր ինչ աներ, կանգնել էր շվարած: Սրճարանի դուռը բացվեց, ընկերուհիներն էին: «Կներեք»,- ակամայից ասաց Արմենը, հետո արդեն ինքն իրեն սկսեց խոսել. «Ձեր հետ մի աղջիկ կար միշտ, միջին հասակի, սեւ, մեծ աչքերով »,- փորձում էր նրա արտաքինը հիշել Արմենը: «Անուշի՞կը»,- գլխի ընկավ ընկերուհիներից մեկը: «Հա»,- ոչ համարձակ ասաց Արմենը: «Գնացել ա, երկրում չի»,- ասաց ընկերուհին: «Այսի՞նքն, հիմա Հայաստանում չի՞, իսկ երբ է գալու»,- դեռ հարցեր ուներ Արմենը: «Չի գալու, Ամերիկայում ա, գնացել ա ծնողների մոտ, ամուսնանալու ա էնտեղ, ինչի՞, չլինի՞ սիրահարվել եք մեր Անուշիկին»,- խորամանկ ժպտաց ընկերուհին : Արմենը լուռ նայում էր աղջիկներին: «Ես ըտենց  էլ գիտեի»,- ասաց խորամանկ ընկերուհին:

Արմենը լուռ էր, նայում էր հեռացող աղջիկներին ու ուզում էր հիշել` Անուշիկի աչքերը իսկապե՞ս սեւ էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031