Խորհրդարանական ընտրություններից հետո, բոլոր վերլուծություններում եւ տեսակետներում, խոսվում է նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբման մասին: Aravot.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ է ամբիցիաները հաղթահարելու հնարավորություններ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անուշ Սեդրակյանն ասաց. «Քանի որ ընդդիմադիր դաշտի տարբեր մասերը տարբեր թեկնածուների անուններ են տալիս՝ շրջանառվում է Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի անունները, ՀՅԴ-ն է որոշակի բաներ է շրջանառում՝ թեպետ չի կոնկրետացել, ես կարծում եմ, որ ընդդիմության միավորումն այս պարագայում բարդ գործ է: Ժամանակը ցույց կտա»:
Ամբիցիաների հաղթահարումը տեսականում, մեր զրուցակիցը եւ հնարավոր, եւ անհրաժեշտ է համարում, իսկ թե գործնականում դա որքանո՞վ կիրականանա, առայժմ դժվարանում է կանխատեսել. «Միգուցէ քաղաքական գործընթացների փոփոխության հետ մեկտեղ այդ պահանջն ավելի առարկայական դառնա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ