Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Միգուցե Ռուբեն Հայրապետյանին քավության նոխազ կսարքեն, բայց ինքը համայնապատկերի մի փոքր մասն է»

Հուլիս 16,2012 17:10

«Միգուցե տարբեր պատճառներ կան: Անառարկելի է, որ նախեւառաջ քաղաքական մեծամասնությունն է պատասխանատու երկրի քաղաքական որակների, բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքական վարքագծի ու սոցիալ-տնտեսական իրողությունների համար: Մեր քաղաքական մեծամասնությունը պիտի խոհեմություն եւ քաղաքական շրջահայացություն դրսեւորեր, եւ խնդիրը բերեր քաղաքական գլխավոր ամբիոն՝ խորհրդարան, որովհետեւ դա երկրի շահից է բխում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու իր կարծիքով «Հարսնաքարի» գործով արտահերթ նիստ հրավիրելու 4 խմբակցությունների նախաձեռնությունը ձախողվեց:

Նրա խոսքերով` «Մենք խոսում են դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, բայց այդ համակարգը շարունակում է չվայելել հասարակության վստահությունը, մենք խոսում ենք զարգացող եւ ժողովրդավարական երկրի մասին, բայց ամեն վայրկյան բախվում ենք մարդու իրավունքների ոտնահարմանն ու բռնությանը, խոսում ենք ժողովրդավարական երկրի մասին, բայց քաղաքական ինստիտուտները չեն կայանում ու միջազգային գնահատականներով կոռումպացվածության, մարդու իրավունքների պաշտպանվածության, ժողովրդավարության առումներով շարունակում ենք նահանջ արձանագրել: Եվ եթե քաղաքական մեծամասնությունն, այնուամենայնիվ, խոհեմ լիներ, չէր թողնի, որ հասարակական ընդվզումների ալիքը փողոցում լուծումներ որոներ: Իրավականի եւ բարոյականի հետ համահավասար պետք է քաղաքական գնահատական տրվի: Ես իմ գնահատականներում կարեւորում եմ երեւույթի թե’ իրավական, թե’ բարոյական, թե’ քաղաքական գնահատականները, որովհետեւ կարծում եմ, որ վերջին միջադեպի առնչությամբ տուժողը միայն Վահե Ավետյանի ընտանիքը չէ, կարծում եմ եւ համոզված եմ` տուժել է մեր հասարակությունն ընդհանրապես: Ռուբեն Հայրապետյանի անձի վրա ես չեմ սեւեռվում, որովհետեւ վաղուց այս երեւույթը, որի անունը բռնություն է, այլեւս համակարգված բնույթ է կրում: Մենք ունենք մի շարք դեպքեր` մահացու ելքով, մեր երկրում խնդիրները լուծվում են «ուժն է ծնում իրավունք» փիլիսոփայությամբ: Հիմա միգուցե Ռուբեն Հայապետյանին քավության նոխազ կսարքեն ու սարքում են, բայց ինքը այս ամբողջ համայնապատկերի մի փոքր մասն է:

Ինձ համար նույնքան բռնություն է մշակութային ժառանգություն հանդիսացող ծածկած շուկայի ապօրինի քանդումը, ինձ համար բռնություն է հանրային տարածքների օտարումն ու բռնազավթումը, բռնություն է, երբ ամեն վայրկյան դու պաշտպանված չես ու վստահ չես, որ մի այդպիսի պատմության զոհ դու չես դառնա: Երբ հասարակությունը պահանջում է երեւույթի քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատականներ, նախեւառաջ քաղաքական գնահատականը ոչ թե ընդդիմադիր դաշտին, այլ իշխանությանն է հարկավոր` հասկանալու համար, որ այս մշակույթով, այս ձեռագրով, այս վարքագծով մենք հեռանկար չունենք: Հիմա Հայաստանից հուսալքվածների ու հեռացողների բանակը ոչ այնքան սոցիալական դրդապատճառներով է գնում, այլ չարդարացված սպասումների ու անհեռանկարայնության»:
Տեսակետ կա, որ ՀՀԿ-ական պատգամավորները, որքան էլ որ ներքուստ դատապարտում էին, Վահե Ավետյանի հուղարկավորությանը չմասնակցեցին` զուտ Ռուբեն Հայրապետյանի հետ չթշնամանալու համար, եւ հիմա էլ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունն ամեն ինչ արեցին, որ ձախողվի` դարձյալ նրա համար: Այս առնչությամբ, Լիլիթ Գալստյանի դիտարկմամբ` «Ռուբեն Հայրապետյանը մեր նման քաղաքացի է: Ո՞վ է Ռուբեն Հայրապետյանը, որ նրա հետ չթշնամանալու համար այդպես անեն: Ամոթ է, դա ծիծաղելի վարկած է: Ես ավելի լուրջ եմ վերաբերվում սրան, նայում եմ` որպես քաղաքական ողբերգության»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ուղղված մեղադրանքներին, որ արձակուրդների մեջ լինելու պատճառաբանությամբ չստորագրեցին նախաձեռնության տակ` Լիլիթ Գալստյանի խոսքերով` պետք չէ միայն ԲՀԿ-ին թիրախ դարձնել. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ ունեն ժողովրդի քվեն եւ սպասարկում են ժողովրդի շահերը, ժողովրդի ցավերին դարման են ուզում լինել, բոլորը պիտի շահագրգռված լինեին, որպեսզի այս երեւույթին քաղաքական գնահատական տրվեր: Իսկ եթե իսկապես լուրջ քաղաքական գնահատական տրվեր` կտրվեր գնահատականը սոցիալական, մշակութային, քաղաքական ու հոգեբարոյական իրավիճակին, որ այսօր Հայաստանում կա: Փոքրիկ օազիսը, որ այսօր կենտրոնացել է «Հարսնաքարի» վրա, կտարածվեր ամբողջ հանրապետությունով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031