Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայն, Սիրիայի բազմաթիվ տարածքներում ծավալվել է «ոչ միջազգային զինված հակամարտություն», այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմ:
Կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությունը ծավալվել է Հոմս, Համա և Իդլիբ քաղաքներում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Հիչամ Հասանը սակայն ավելի ուշ ավելացրել է, որ բռնությունները տարածվել են նաև Սիրիայի այլ մասերում:
Հասանի համաձայն, այն տարածքների վրա, որտեղ տեղի են ունենում բախումները կառավարական ուժերի և ընդդիմության միջև, տարածվում է միջազգային մարդասիրական իրավունքը, որի համաձայն քաղաքացիական անձինք «պետք է չդառնան հարձակումների առարկան»:
Կարդացեք նաև
Միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու դեպքում կարող է հարուցվել պատերազմի հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրեական գործ:
Սիրիայի ակտիվիստների և բնակիչների համաձայն, կիրակի օրը Դամասկոսում տեղի են ունեցել նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության դեմ 16 ամիս առաջ սկսված ապստամբության ընթացքում ամենակատաղի մարտերը:
Այս ընթացքում Միավորված ազգերի կազմակերպությունը դիմել է դոնորներին, որպեսզի վերջիններս օգնություն տրամադրեն՝ Սիրիայի 850 հազար բնակչի մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:
Կազմակերպության համաձայն, հատկացվել է այս նպատակների համար անհրաժեշտ 189 միլիոն դոլարի ընդամենը 20 տոկոսը, և Ժնևում երկուշաբթի օրը կայանալիք համաժողովի ընթացքում այն հույս ունի ստանալու ավելի մեծ թվով դոնորների աջակցությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Սիրիայում դիտորդների առաքելությունը վերսկսելու վերջնաժամկետի մոտենալու հետ մեկտեղ նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել այս երկրի նկատմամբ: Ռուսաստանը սակայն սպառնացել է կրկին կիրառել վետոյի իր իրավունքը՝ ասելով, որ ցանկանում է միայն երեք ամսով երկարաձգել դիտորդների մանդատը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»