Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սերգեյ Հայրապետյանն առաջադրելու է իր թեկնածությունը սեպտեմբերի 9-ին Մեղրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: «Առավոտի» այն հարցին, թե քաղաքապետն ի՞նքն է որոշել առաջադրել իր թեկնածությունը, թե՞ իր կուսակցությունն է նման որոշում կայացրել, քաղաքապետը պատասխանեց, որ դա ե’ւ իր, ե’ւ կուսակցության որոշումն է: ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարելու է ներկայիս քաղաքապետին: Ավելին` Սերգեյ Հայրապետյանը համոզված է, որ այս ընտրությունում հերթական անգամ ինքն է ընտրվելու Մեղրու քաղաքապետ: «Միանշանակ ես եմ ընտրվելու: 5000 բնակչություն ունեցող Մեղրիում 3750 ընտրող կա: Եթե 2700 հոգի մասնակցեն ընտրությանը, ապա ձայների 40 տոկոսն իմ օգտին է լինելու», – նախնական կանխատեսումների մասին հայտնում է պարոն Հայրապետյանը եւ նշում, որ իր հաղթանակը պայմանավորում է իր եւ իր թիմի կատարած աշխատանքով:
Մինչդեռ Մեղրու գործող քաղաքապետը համոզված է իր հաղթանակում, ապա շատ մեղրեցիներ դեմ են, որ այս անգամ էլ քաղաքապետն ընտրվի եւ ընտրության օրը մտադիր են այլ թեկնածուի օգտին քվեարկել: Իրենց այդ կարծիքը մեղրիաբնակները պատճառաբանում են նրանով, որ Մեղրիում այս տարիներին բավարար աշխատանք չի տարվել, լուծելի շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել եւ Մեղրիի զարգացման համար բավարար քայլեր չեն արվել: «Հարեւան Ագարակ քաղաքում այս մի քանի տարիներին այնքան աշխատանք է տարվել, որ անզեն աչքով նկատելի է, քաղաքը բավականին զարգացում է ապրում, ինչը Մեղրիի մասին չես կարող ասել: Մեզ էնպիսի քաղաքապետ է պետք, որ իրոք գործ անի ու ուժեղ դիրք ունենա», – իրենց կարծիքն են կիսում մի շարք բնակիչներ: Ըստ շրջանառվող լուրերի` Մեղրիում քաղաքապետի ընրություններին առաջադրվելու է 4 կամ ավելի թեկնածու, որոնց մեջ կլինի նաեւ նախկին քաղաքապետը:
Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություն կկայանա նաեւ Կապան քաղաքում, որտեղ հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետ, դաշնակցական Արթուր Աթայանի եւ հանրապետական, «Հայփոստ» ՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի միջեւ, ում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ