Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» խնդրի շուրջ բացված ֆեյսբուքյան խմբերն ինչ-ինչ կռիվների մեջ են

Հուլիս 16,2012 16:55

Ֆեյսբուքում Վահե Ավետյանի եւ «Հարսնաքարի» միջադեպի շուրջ մի քանի խմբեր օգտատերեր ու նախաձեռնություններ են ստեղծվել` «Վահե Ավետյան հասարակական շարժման նախաձեռնող խումբ», «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին», «Վահե Ավետյան հասարակական շարժում», նույնիսկ ստեղծվել է եւ գործում է «Վ. Ավետյանի հուղարկավորության հասարակական հանձնախումբ», չնայած հուղարկավորությունը վաղուց ավարտվել է:

Այս բոլոր խմբերը պետք է որ մեկ ընդհանուր նպատակ հետապնդեն` պատժել մեղավորներին եւ հասարակական հնչեղություն ապահովել: Բայց այս խմբերի անդամների միջեւ ներքին խնդիրներ կան, նրանք վիրավորվում են, երբ իրենց խումբը շփոթում են, միմյանց պրովոկատոր են անվանում, «like»-երով ու «share»-ներով ցույց տալիս, որ մրցակցություն կա իրենց միջեւ:

Ֆեյսբուքյան «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ուրիշ խմբեր չգիտի, տեղյակ չէ նաեւ մեղադրանքներից:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնող Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը 2 խմբի մասին գիտի` իրենցը եւ Վահե Ավետյան շարժումը. «Երկու խմբերի կողմից հնարավոր է թեթեւ ինչ-որ բան, ինչ-որ խնդիր եղել է, բայց երկուսն էլ ունեն նույն նպատակը: Ես կարծում եմ, որ որեւիցե մրցակցութուն այստեղ չկա: Մենք ունենք ընդհանուր ակունք, նույն հարցից է ծագել այս ամեն ինչը: Մարտավարական ինչ-որ տարբերություններ կան, բայց մեծ հաշվով ռազմավարությունը շատ չի տարբերվում, նպատակները, պահանջները շատ չեն տարբերվում: Մենք փորձելու ենք համագործակցված աշխատել, ոչ թե մրցակցություն լինի: Ակցիաների ժամանակ գոնե մենք ցույց ենք տվել, որ երբ «Վահե Ավետյան» շարժումը նախաձեռնությամբ է հանդես եկել, մենք կոչ ենք արել քաղաքացիներին մասնակցել: Այստեղ խնդիրը ոչ թե նեղ շահերի սպասարկումն է, ինչքան էլ որ ամեն մեկը ինչ-որ նեղ շահ տեսնի դրա մեջ, խնդիրն ավելի գլոբալ ու համակարգային է: Ինչ վերաբերում է մրցակցությանը, մենք գտնում ենք, որ հիմա ինչ-որ կռիվ տալու, շահեր քաղելու ժամանակը չէ: Մենք ունենք հստակ նպատակ եւ մեր քայլերով ամեն ինչ անում ենք` այդ նպատակին հասնելու համար»:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ասաց, որ ֆեյսբուքում այդ խնդրի շուրջ ստեղծված 3 խումբ գիտի. «Տարբեր խմբերի ակտիվությունն այս խնդրի շուրջ վկայում է այն մասին, որ երեւույթը հասարակական հնչեղություն ունի եւ պահանջատեր քաղաքացիների համախմբման ու զարթոնքի հետ գործ ունենք։ Դա միայն խոսում է կատարվածի ծանրության, լրջության մասին, նաեւ հասարակության տարբեր շերտերի` շահերի բախման մասին: Եթե կատարվածը սոսկ շատ բացառիկ, դաժան սպանությամբ բնութագրվող քրեական հանցագործություն լիներ, մենք միայն եւ միայն կվրդովվեինք, հասարակությունը կպահանջեր խնդրի միայն իրավական գնահատականը, բայց բռնությունն այլեւս համակարգային բնույթ է կրում, համակարգայնացված է, այն դարձել է մեր երկրում հարցեր լուծելու հիմնական զենքն ու միջոցը։ Հենց այս պատճառով է հասարակությունը ընդվզել եւ քաղաքական, բարոյական ու իրավական գնահատականներ է պահանջում։ Եվ ընդհանրապես, սոցիալական ցանցերում տարբեր խմբերի ձեւավորումն էլ այս հանգամանքով է պայմանավորված: Իրավական ու սոցիալական երկիր ունենալու մեր հասարակության սպասումներն ու համբերությունը հատել են վերջնագիծը: Անշուշտ, պատճառը եւ առիթը «Հարսնաքարի» դեպքն է, բայց ես կուզենայի, որ մենք սթափ հայացքով վերաբերվեինք մեր հասարակության բոլոր շերտերում այլեւս վավերական դարձած բռնության մշակույթին ու նրա համակարգային բնույթին: Սա կառավարման փիլիսոփայություն ու քաղաքական արժեքների անատոմիա է այլեւս»:

Նախկին պատգամավոր եւ «Հարսնաքարի» միջադեպի շուրջ ստեղծված ակցիաների ակտիվիստ Անահիտ Բախշյանի խոսքերով` «Ես որեւէ խմբի մեջ չմտա, չնայած սկզբից հայտարարվեց, որ ես մի խմբի անդամ եմ, բայց ես հենց սկզբից ասացի` չէ, ես կփորձեմ որպես քաղաքացի իմ խղճի մտոք եւ միայն այդ ընտանիքին եւ Վահեի հիշատակը հարգելու, արդարությունը հաստատելու ուղղությամբ քայլեր անել: Այս տարբեր խմբերը, որոնք իսկապես իրար ձեռքից են փախցնում, կարծես հեղինակությունը ստվերում են, հեղինակազրկում են նպատակը: Ինձ մոտ այդպիսի տպավորություն կա, բայց ասեմ, որ բոլորը իսկապես շատ ուզում են օգտակար լինել արդարադատությանը: Իսկապես նպատակներն ազնիվ են, բայց կա մի բան, որ ես չեմ ուզում որակել: Դրա համար ես ոչ մի խմբի մեջ չեմ, բայց Վահե Ավետյանի գործով արդարադատությանը հասնելու համար ցանկացած կետում որ պետք է` ես կլինեմ այդտեղ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031