«ԵՊՀ-ի կարեւորագույն խնդրին է՝ ավարտին հասցնել միջազգային հավատարմագրումը՝ ինստիտուցիոնալ մակարդակով: Դեկտեմբերին կժամանի Հոլանդիայի համատարմագրման հանձնաժողովի պատվիրակությունը եւ գնահատական կտա մեր երկրորդ զեկույցին, իսկ մյուս տարվա մարտին երկրորդ հանձնաժողովը կգնահատի արդեն վերջնական զեկույցը՝ որոշելով՝ արդյոք ԵՊՀ-ն եւ եւս մի քանի բուհ արժանի՞ են միջազգային հավատարմագրման»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա հավելեց, որ, օրինակ, Իտալիայում եւ Իսպանիայում հավատարմագրում չկա, իսկ Վրաստանում այն կատարվում է ներքին՝ սահմանված կարգով: «Միջազգային հավատարմագրումը ենթադրում է, որ բուհը կարող է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովել: Այս ընթացքում հայաստանյան բուհերը մեծ փորձ ձեռք կբերեն: ԱՄՆ բուհական համակարգի հաջողությունը միջազգային ստանդարտներով հավատարմագրված լինելու մեջ է. այնտեղի որակի չափանիշը ճանաչում է ողջ աշխարհը»,-փաստեց ռեկտորը:
Պարոն Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ-ում ստեղծվել է կրթության որակը վերահսկող անկախ բաժին, բացի այդ՝ կառուցվում է հունագիտության կենտրոն. «Կտրուկ որոշել ենք զարկ տալ համատեղ դիպլոմների քաղաքականությանը, որի շնորհիվ մեր շրջանավարտները կստանան ԵՊՀ եւ մեկ այլ համալսարանի դիպլոմը միաժամանակ: Առաջիկայում այդ ուղղությամբ ցանկանում ենք համագործակցել Ղազախստանի, Իտալիայի եւ Ֆրանսիայի համալսարանների հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ