Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը այս տարի համակարգել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագիրը եւ կարծում է, որ այն բավականին ուժեղ էր, մանավանդ՝ 70 հայտերից ընտրվել է 28 ֆիլմ:
Aravot.am-ի հետ զրույցում, Մովսիսյանն ասում է, որ հարգում է ժյուրիի որոշումը, բայց իբրեւ կինոքննադատ ուներ իր սեփական կինոնախասիրությունները. «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագիրը բավականին ուժեղ էր, վավերագրական ֆիլմերի անվանակարգում ինձ համար մրցանակներ ստացան բոլոր այն ֆիլմերը, որոնք հավանել էի, ինչ վերաբերում է միջազգային մրցութային ծրագրին, այնտեղ շատ կուզենայի մրցանակակիրների շարքում տեսնել Վասիլի Սիգարեւի «Ապրել» ֆիլմը»:
Կինոքննադատն այդ աշխատանքն իր համար հրաշալի բացահայտում է համարում, ասում է՝ սպասելիքներն ավելի քան արդարացել են.«Ցավում եմ, որ այն որեւէ մրցանակ չունեցավ, մյուս կողմից էլ՝ Ժյուրիի նախագահը աշխարհահռչակ Վիկտոր Էրիսեն էր, որ լավ պատկերացում ունի կինոյի մասին: Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմն էլ հավանեցի: Ընդհանրապես նրա բոլոր ֆիլմերին ծանոթ եմ: «Կորիզ» անվանակարգում մրցանակակիրը դարձյալ հետաքրքիր ֆիլմ էր, ուժեղ էր նաեւ կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Մովսիսյանը չի «կիսում» իր որոշ կոլեգաների այն կարծիքը, թե համաշխարհային կինոյում ընդհանուր առմամբ մռայլության միտում կա: «Ես մի քանի վեճ այդ թեմայով ունեցել եմ, օրինակ, Սիգարեւի ֆիլմից հետո ահագին նեղված էի, թե ի՜նչ մռայլ է, բայց թե այդ, թե մյուս ֆիլմերի կոնտեքստը ապրեցնող է: Ի վերջո, դրանք հորինված բաներ, կամ մատից ծծած պատմություններ չեն, որ ասենք՝ ինչո՞ւ եք էդ տեսակի բաներով մեր ուղեղը լցնում. դաժանությունն ու բռնությունը կան մեր իրականության մեջ: Գուցե ժամանակին շատ չի խոսվել ու հիմա են խոսում այդ մասին, համենայնդեպս, եթե խնդիրը իրոք կա, ակնհայտ է, ինչո՞ւ չխոսել…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ