Վրաստանից պարբերաբար ռեպորտաժներ պատրաստող Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախանձում է հարևան երկրին: «Ես ընդհանրապես հսկողության տակ եմ պահում իմ զգացմունքները, և փորձում եմ չնախանձել, որովհետև նախանձելը լավ բան չէ,բայց պետք է խոստովանեմ, որ Վրաստանին ես նախանձում եմ: Նախանձում եմ, որովհետև իրենց իշխանությունները հասկացել են, թե որն է զարգացման ուղին և իրենց ամենօրյա քայլերով կոնկրետ գնում են իրենց երկրի բարելավման ուղիով: Մեր նկարահանող խմբերը եղել են այնտեղ, բազմաթիվ հարցումներ են անցկացրել և Թբիլիսիում, և Վրաստանի մյուս քաղաքներում, ծովափնյա վայրերում, բոլոր տեղերում: Վրաստանի քաղաքացին թեև դժգոհ է իր ապրելակերպից, բայց դժգոհ լինելով հանդերձ՝ գոհ է, որ ունի լեգիտիմ նախագահ, լեգիտիմ իշխանություն, և գոհ է, որ իշխանությունը տեսանելի ինչ-որ բաներ է անում: Ցանկացած մարդ դժգոհ է իր ապրելակերպից, որովհետև ցանկացած մարդ ուզում է շատ ավելին, քան ունի, բայց այդ մարդիկ օբյեկտիվորեն ասում են, որ իրենց կառավարությունը մտածում է իրենց մասին, սա գերակշիռ մասն է ասում: Սա ցույց են տալիս մեր հարցումները: Քաղաքացին սիրում է իր նախագահին, սիրում է իր իշխանությանը,սիրում է իր քաղաքապետին»,-ասում է Վահան Խաչատրյանը:Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանում հնարավոր չէ գտնել որևէ քաղաքացու, որը սիրի իր իշխանությանը: «Ես սա պաշտոնապես եմ հայտարարում, իշխանության մեջ գտնվող չինովնիկը չի սիրում իր պրեզիդենտին. Սերժ Սարգսյանի նկարը իր կաբինետի պատի վերևը խփած չինովնիկը շատ վատ է արտահայտվում էդ մարդու մասին, ես հանդիպել եմ բազում էդպիսի մարդկանց հետ: Հայաստանի Հանրապետությունում գործարարը դժգոհում է իր կյանքից, հարկային տեսուչը դժգոհում է: Ես տրամագծորեն հակադիր մարդկանց մասին եմ խոսում, եթե գործարարը դժգոհում է, ապա հարկային տեսուչը գոնե պետք է գոհ լինի, կամ հակառակը, չգիտեմ: Գողականը դժգոհ է իր ապրելակերպից, ոստիկանը դժգոհ է իր ապրելակերպից, էդպես չի լինում, եթե բևեռի մի կողմը դժգոհ է, մյուսը պետք է գոհ լինի, բայց մենք ստեղծել ենք մի այնպիսի իրավիճակ, որ բևեռի բոլոր կողմերը դժգոհ են, սա սարսափելի է, սրանից այն կողմ էլ տեղ չկա», – ասում է ԳԱԼԱ-ի սեփականատերը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ