ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր կրկին հաստատեց իր ավելի վաղ հայտնած կարծիքը, թե ԲՀԿ-ն հիմքեր չունի 2013-ի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին չսատարելու համար.«Որպես անհատ՝ մնացել եմ իմ կարծիքին»: «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Բոստանջյանը նաեւ ասաց, որ միասնական շտաբի մաս կազմող կուսակցությունների հնարավոր միասնական թեկնածուն էլ ընտրություններում հաղթելու շանսեր չունի.« Մինչեւ անգամ, եթե իրենց հաջողվի էլ ձեւավորել այդ միասնական թեկնածուն, տվյալ պահին որեւէ նշանակություն չի կարող ունենալ մեր երկրի զարգացման համար, որովհետեւ այս ընդդիմադիր ուժերը չեն կարողացել հասնել այն մակարդակին, որ արտահայտեն զանգվածային հասարակության իղձերն ու ցանկությունները , սպասումները: Այս պարագայում ստեղծված միասնական թեկնածուն պետք է լիրիկական բնույթ կրի: Ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, բայց իրատեսական չեմ համարում, եթե դրսից հրավիրեն մի քանի ուրիշ ուժեր էլ, կարծում եմ՝ էլի նրանք շատ սիրուն կստեղծեն իրենց միասնական թեկնածուն, որը, բնականաբար, ընդհանրապես հաղթելու մասին խոսք չկա: Իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը ուժեղ է, այլընտրանքը այլ խոսք է, իմաստային ծանրաբեռնվածություն է կրում, այս պահին ուժեղից ուժեղը չի եկել»: ԲՀԿ նախկին պատգամավորը դժվարացավ իր կուսակցության այլընտրանքային քաղաքականությունը մեկնաբանել.« Այն պահից, երբ ես ցուցակներում ընդգրկված չեմ եղել, ամենայն հավանականությամբ, կուսակցությունը շատ զբաղված է եղել ու չեն կանչել ինձ քննարկումների , որի պարագայում ինչ ասում եք, ինձ համար նորություն է: Ես գիտեմ, որ այդպիսի բան չի լինում աշխարհում, ինչի՞ն այլընտրանք: Ինչ-որ խոսեցի, խոսեցի, ուզո՞ւմ եք, որ ես իբր թե սխալ բան ասեմ, ինձ բռնեն, ծեծե՞ն: Ես պարզապես ասացի, որ բառարաններում շատ ինտենսիվ ու հետեւողական ման եմ եկել, չեմ գտել ընդդիմություն, իշխանություն… այլընտրանք»: Պարոն Բոստանջյանն անդրադարձավ ավելի վաղ արտահայտած իր մեկ այլ կարծիքին, թե ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ բավական շատ կապիտալ են կուտակել՝ պատասխանելով հարցին, թե ո՞մ մասին է խոսքը. «Ես ուժեղ հետազոտող եմ, բոլորի կապիտալը մոտս գրած է եւ հիմա գեղեցիկ ձեւով կբացահայտեմ , ես որտեղի՞ց գիտեմ: Ուրիշ բան եմ ասել, կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանությունների հետ, որովհետեւ այն նույն վեկտորով են շարժվում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ասել եմ, որ կան մարդիկ, որոնք կուտակել են որոշակի հնարավորություններ եւ այդ երեւույթը թույլ չի տալու, որ նրանք գնան առճակատումների իշխանությունների հետ: Իմ մասին եմ ասում, որովհետեւ եթե դուք իմ հայտարարագիրը տեսեք, ի տարբերություն բազմաթիվների հայտարարագրերի, ամենաշատ եկամուտներից մեկը ես ունեմ»: Ըստ նրա, իշխանությունների հետ առճակատման գնալն ինքնանպատակ չէ. «Առճակատման են գնում չբավարարվածները՝ հիմնավոր ու չհիմնավոր, ինչ-որ շատ բան ուզողներն ու չհասնողները, ամբիցիոզները: Դրանք լինեն թե՛ նյութական կուտակողները, կարող են լինել նաեւ հիվանդ մարդիկ, որ ամեն ինչից դժգոհ են»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի անվան հետ կապվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերին, պարոն Բոստանջյանն ասաց. «Գոնե 2006-ից մինչ օրս, երբ մասնակցություն եմ ունեցել կոսակցության կայացման գործընթացում, երեւի մեծ նկատող չեմ եղել, բայց որեւէ կապ չեմ նկատել: Մի բան գիտեմ, որ կառավարման համակարգում գտնված մարդիկ գրեթե միշտ մինչեւ իրենց կյանքի վերջ գտնվում են այդ համակարգում»: Նա դժվարացավ ասել, թե ԲՀԿ-ն կսատարի՞ Ռոբերտ Քոչարյանին, թե՝ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ