Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրացիները Հայաստանի տարածքում սահմանապահ ուղեկալ են դրել

Հուլիս 16,2012 15:46

Տավուշի մարզի Դեղձավան գյուղը շուրջ 4 կմ սահման ունի Վրաստանի հետ: 2007 թվականին սահմանին անցկացվել է փշալար: Դրանից Դեղձավան համայնքը վնասներ է կրում: Փշալարն անցկացնելիս, շինարարական աշխատանքների ժամանակ խոշոր քարեր են գլորվել, ջարդել գյուղի 4-րդ ջրանցքի ջրատարը: Այդ պատճառով ջրատարից չի ոռոգվում նախկինում ոռոգվող 60 հա հողատարածք: 5 տարի առաջ մեր սահմանապահները փշալարն անցկացրել են հայկական տարածքի մեջտեղով, որի պատճառով մեր տարածքների մի մասը հայտնվել է փշալարից անդին` «չեզոք» տարածքում: Այդ տարածքում, իրականում հայկական հողում, վրացիները սահմանապահ ուղեկալ, վագոն-տնակ են տեղադրել:  Դեղձավանի 50 հա հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Գյուղացիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, քանի որ վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Դեղձավանի բնակիչներն այդ խնդիրն առաջադրել են  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետն ասել է, որ կա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականը` փշալարից անդին սեփականաշնորհված հողեր ունեցող դեղձավանցիներին փոխհատուցել, տալով գյուղի տարածքում գտնվող այլ հողեր:Սակայն դեղձավանցիները համաձայն չեն նման ձեւով փոխհատուցմանը, քանի որ փշալարից այն կողմ գտնվող տարածքներն ամենաբերրի հողերն են: Նրանք ակնկալում են այդ հողերի համար պետությունից դրամական փոխհատուցում ստանալ: Ընդհանուր առմամբ` այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե: Դեղձավանցիները «Առավոտի» թղթակցին ասացին, որ սահմանները ճշտելու համար 2008 թվականին սահմանային հանդիպում է եղել, վրացական կողմը այդ հանդիպմանը ներկայացել է համապատասխան քարտեզներով, մասնագետներով, հայկական կողմից ներկայացել է միայն սահմանապահ զորամասի պարետը: Արդյունքում` վրացիները կարողացել են «հիմնավորել» իրենց հողային պահանջները:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031