Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանավորի վերծանված գաղտնագիրն ու ճարտարապետական առանձնահատկությունները (Տեսանյութ)

Հուլիս 16,2012 15:28

 Օրերս Ավանի «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի մասնակիցներն այցելեցին Ավանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր) եկեղեցի` ծանոթանալու հուշարձանի պատմությանը:

Ծիրանավորի մասին հիշատակում է դեռեւս 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը: Ֆիզիկոս Արթուր Բաղդասարյանը, ով զբաղվում է նաեւ հայ եկեղեցու պատմության եւ հուշարձանների ուսումնասիրությամբ, ասաց, որ «Ծիրանավորը» Տիրամոր պատվանուններից է: Մեկ այլ վարկածի համաձյան` եկեղեցու անվանումը պայմանավորված է հարակից ծիրանի այգիների առատությամբ: «Կառուցվել է Հովհան Բագարանցու կողմից, ըստ վարկածի` իբրեւ քաղկեդոնական եկեղեցի: Սակայն պատմությունից հայտնի է, որ 7-րդ դարում Ավանի տարածքը գտնվում էր պարսիկների տիրապետության տակ, ովքեր, բնականաբար, թույլ չէին տա այստեղ քաղկեդոնական եկեղեցի կառուցել»,-հայտնեց պարոն Բաղդասարյանը: Նա հավելեց, որ 6-րդ դարում Ծիրանավորի ճարտարապետական կառուցվածքով 23 եկեղեցի կար, որոնցից գլուխգործոց է համարվում սուրբ Հռիփսիմեի տաճարը. «618 թ-ին այն կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը, ով հայտնի էր որպես մոլի հակաքաղկեդոնական: Եթե Ծիրանավորը քաղկեդոնական է, ապա ինչպես եղավ, որ հակաքաղկեդոնականը կառուցեց գրեթե նույն ճարտարապետական հորինվածք ունեցող Հռիփսիմեի տաճարը: Այսինքն, այն ժամանակներում դավանաբանությունը նշանակություն չուներ, ինչպես այժմ»:

Արթուր Բաղդասարյանը նաեւ փաստեց, որ Ծիրանավորը բոլորակաձեւ ավանդատներ ունեցող միակ եկեղեցին է:

Պատերին պահպանվել են մի շարք արձանագրություններ, որոնցից  մեկը վերաբերում է 13-րդ դարում Հայաստանի տարածքների մի մասն ազատագրած Զաքարյաններին: Իվանե Զաքարյանի թողած արձանագրությունում ասվում է. «Ով տեր լինի այս տարածքին, թող հող եւ ջուր ավելացնի ավանցիներին»: Պատմությունից հայտնի է, որ Իվանեն քաղկեդոնական էր. ըստ վարկածներից մեկի, մինչ 12-րդ դարը ավանցիները եղել են քաղկեդոնականներ:

Պահպանվածներից հետաքրքրական է հայերեն եւ հունարեն լեզուներով փորագրված «Ավանի երկլեզվյա արձանագրությունը», որը համարվում է միակ գաղտնագրված վիմական արձանագրությունը: Այցելության մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը ցույց տվեց տպագրված վերծանումը` «Տեր Եզր` հայոց կաթողիկոս ճշմարիտ ծառա Աստծո Սամեղ ծառա Քրիստոսի», եւ մեկնաբանեց. «Հայերի ճնշումների ազդեցությամբ Եզր կաթողիկոսը դավանափոխ է եղել` ընդունելով քաղկեդոնականություն: Նրան հատկապես ավանցիներն են ընդունել որպես կաթողիկոս` տարբերություն եկեղեցականների մի մասի: Այդ առումով հատկանշական է «հայոց» բառի գաղտնագրումը: Ինչ վերաբերում է Սամեղին, ենթադրվում է, որ նա Ծիրանավորի քահանաներից էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031