Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ական առանձին պատգամավորների կարծիքը ԲՀԿ-ինը չի համարում (Տեսանյութ)

Հուլիս 16,2012 14:44

«Հարսնաքարի» գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության նախաձեռնության արդյունքում կրքերը բորբոքվեցին հենց «Ժառանգություն» կուսակցության շուրջ: Այն դեպքում, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 37 պատգամավորներից միայն 7-ը ստորագրեցին, շահարկման խնդիր դարձավ «Ժառանգության» խմբակցության  պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի չստորագրելը: ԲՀԿ-ն, կարծես, հարձակման է անցել: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց անգամ, որ ավելի լավ կլինի, եթե ԲՀԿ-ն առաջիկայում չմասնակցի նախաձեռնությունների, որտեղ նաեւ «Ժառանգությունը» կլինի: Այդ տեսակետի հետ համակարծիք են այլ ԲՀԿ-ականներ էլ:

«Ժառանգության» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորում ԲՀԿ-ի այդ հարձակումները: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, ԲՀԿ-ական առանձին պատգամավորներ կարծիքներ են հնչեցրել, ուստի ինքը դա չի վերագրում իբրեւ ԲՀԿ-ի հարձակում «Ժառանգության» վրա. «Ցանկացած դեպքում, խորհրդարանում գտնվող կուսակցությունները շատ տարբեր հարցերում իրար հետ համագործակցում են եւ բոլոր այն դեպքերում, երբ միասնական մոտեցում է լինում, բնականաբար, այդ համագործակցությունն ավելի առարկայական է լինում: Ես չեմ կարծում, որ այս կարծիքները երկարաժամկետ կտրվածքով ինչ-որ էական ազդեցություն են թողնելու»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի չստորագրելուն, Արմեն Մարտիրոսյանը վկայակոչում է ԿԸՀ-ից ստացած պաշտոնական պարզաբանումը, որ Հովհաննիսյանն անգամ մանդատը չի վերցրել. «Այնպես որ, այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանում պատգամավորական գործունեություն, ըստ էության, չի ծավալում, ուստիեւ շահարկել այս թեման, կարծում եմ, հեռու է ճշմարտությունից: Կա նաեւ վարչության որոշումը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորության խնդիրները մենք կքննարկենք աշնանը»:

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Ես կիսում եմ նաև իմ գործընկերոջ գնահատականները` «Ժառանգությունը» ինքնուրույն ուժ չէ: Ավելին` «Ժառանգությունը» այլևս քաղաքական ուժ չէ: «Ժառանգության» որոշ հին անդամներ, ովքեր հեղինակություն էին վայելում, անհասկանալի գործարքի արդյունքում դուրս մղվեցին, փոխարենը եկան մարդիկ, ովքեր ունեն այլ առաքելություն, այլ հանձնարարություններ»: Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինքն իրեն համարո՞ւմ է «անհասկանալի գործարքի արդյունքում» դուրս մղված, քանի որ այլեւս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր չէ եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է վերաբերվում այն գնահատականին, որ  «Ժառանգությունը» այլևս քաղաքական ուժ չէ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքական դաշտում լինելու իմ իրավունքը ես ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, ինչը պայմանավորված չէ իմ՝ պատգամավոր լինել-չլինելու հանգամանքով: Ինչ վերաբերում է, որ մեր երիտասարդ գործընկերուհին նմանատիպ արտահայտություն է արել, հնարավոր է, իրեն թվում է, որ եթե «Ժառանգությանը» «սուր» բնորոշումներ տա՝ շատ լավ է քաղաքական մուտքի համար: Ես այդպես չեմ կարծում: Համենայնդեպս, ինքն ընդամենը «Ժառանգությանը» փնովողների շարքը լրացրեց, որոնք այս տարիների ընթացքում անընդհատ նշում են, որ «Ժառանգությունը» այլեւս չկա»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում. 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031