ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 26-ին նշանակվել է Աշոտ Սոխրաբյանցի օրինական շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լեւոն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Աշոտ Սոխրաբյանցը այս տարվա մայիսի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով:
Անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին, նա զանգել էր տուն, ասելով կնոջը, թե տուն չի գալու, մեկնում է Գորիս: Ըստ գործի նյութերի, նա իր հետ վերցնելով «հրազեն չհանդիսացող գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակը», գնում է տուն, որտեղից այդ պահին դուրս էր գալիս Արթուր Դովլաթյանը, իսկ նրան այդ պահին ճանապարհ էր դնում իր կինը:
Դարձյալ ըստ գործի նյութերի, նա երկուսին ստիպել է տուն մտնել եւ ատրճանակի բռնակով հարվածել է Ա.Դովլաթյանի գլխին:
Կարդացեք նաև
Պաշտպանն իր բողոքում գրում է, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալի արարքին ճիշտ որակում չի տվել, այն, որ Աշոտը մինչ այդ պահը չի ճանաչել զոհին, չի ունեցել նրա հետ հարաբերություններ եւ որ սպանությունը տեղի է ունեցել «հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման մեջ»: Փորձագետի 179 եզրակացության համաձայն, «հոգեկան գրգռման եւ լարվածության կուտակման ֆոնի վրա ամբաստանյալն ապրել է խորը սթրես, որն էապես ազդել է նրա գիտակցության եւ վարքի վրա: Նման հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սիրած էակի, տվյալ դեպքում կնոջ ամուսնական անհավասարակշռությունը , Սոխրաբյանցին հանգեցրել է հոգեկան անկման, տանելով ուղեղի մթագնում, որի ազդեցության տակ նա հաշիվ չի տվել իր գործողություններին»:
Վերաքննիչ բողոքով պաշտպանը միջնորդում է բեկանել գործի վարույթը, կայացնել նոր դատավճիռ, նշանակել նոր փորձաքննություն, Սոխրաբյանցի նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ