Գինեկոլոգ Լիլիթ Կուջույանը խոսելով կառավարությանը ներկայացրած նոր օրինագծի մասին՝ ըստ որի, աղջիկների ամուսնությունը պետք է թույլատրելի դարձնել 18 տարեկանում՝ այն ողջունելի համարեց:
Կուջույանի ձեւակերպմամբ՝ «Կոնկրետ կանանց պարագայում, ոսկրային կոնքի ձեւավորումն ավարտվում է 18 տարեկանում, երբեմն էլ՝ 20-ում, եւ այդ տարիքում ամուսնությունն ու հղիությունը վտանգավոր են կնոջ առողջության համար: Պետք է ասեմ, որ վերարտադրողական տարիքը՝ այսինքն, երբ թույլատրելի է հղիությունն ու ծննդաբերությունը, ըստ առողջապահության համաշխարհային տվյալների, համարվում է 20-35 տարեկան հասակը: Ամենանպաստավոր մանկածնման տարիքը՝ առաջին ծննդաբերության համար, համարվում է 25 տարեկան հասակը: Այլ հարց է, որ բացի առողջական խնդիրներից, վաղ ամուսնությունները կարող են առաջ բերել սոցիալական եւ կենցաղային շատ գործոններ, որոնք նույնպես կարեւոր են ամուսնության պլանավորման, մանկածնման հարցում: Զույգը պետք է բոլոր առումներով պատրաստ լինի հղիությանն ու մանկածնությանը միաժամանակ»:
Ըստ գինեկոլոգի՝ եթե օրինակ իրեն դիմի մինչեւ 18 տարեկան ամուսնական զույգ, ապա բժիշկը վերջիններին խորհուրդ կտա որոշ ժամանակ պաշտպանվել, չպլանավորել հղիություն, որպեսզի կարողանալ նախ միմյանց հարմարվել, համակերպվել ընդհանուր կենցաղին, միմյանց բնավորությանը եւ այլն: Եվ միայն դրանից հետո, խորհուրդ կտա պլանավորել հղիություն, որի ընթացքում էլ կլինի նաեւ բժշկական տեսանկյունից հարմար՝ մանկածնման 20-24 տարեկան հասակը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ