«Lets do it! Armenia» շարժման ղեկավար Արսեն Գասպարյանը եւ ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հաշվարկել են ու պարզել, որ մեր երկրի ողջ աղբը հավաքելու համար կպահանջվի 30 միլիոն դրամ: Երիտասարդները պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները ներդնել, եւ ընդգրկել դպրոցականներին, ուսանողներին ու այլ քաղաքացիների, սակայն գումարային աջակցություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից են ակնկալում` տեխնիկա, աղբը հավաքելու գործիքներ ու պարագաներ ձեռք բերելու համար: Իսկ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հորդորում են ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը, որպեսզի ենթակառուցվածքները համակարգող պատասխանատուները ավելի լուրջ մոտենան աղբի հետ կապված հարցերին:
Ամենաաղբաշատը, ըստ Կարեն Աղաբաբյանի, գյուղական բնակավայրերն են, որտեղ աղբահավաքությունը շատ վատ է կազմակերպվում: Նրա համոզմամբ, համահայաստանյան աղբի խնդիրը հնարավոր է լուծել հասարակության ներգրավումով: Սակայն, թե քանի՞ մարդ կմասնակցի աղբահավաքությանը, ամեն ինչ կախված է ֆինանսական միջոցներից:
Հավաքած կենցաղային աղբի հիմնական մասը գնալու է աղբանոցներ, քանի որ մեզ մոտ դեռեւս չունենք աղբ վերամշակող ընկերություններ:
Կարդացեք նաև
Արսեն Գասպարյանի կարծիքով, նման միջոցառումները ճիշտ է սկսել դպրոցականների ներգրավմամբ` կամավորական սկզբունքով: Հարցին թե, արդյոք դպրոցի տնօրենները «պլան» կատարելու համար չե՞ն ստիպի աշակերտներին պարտադիր մասնակցել աղբահավաքությանը` հակառակ նրանց կամքի, ինչպես որ լինում է համաքաղաքային շաբաթօրյակների ժամանակ, Արսեն Գասպարյանը վստահեցրեց, որ այս նախաձեռնությունը տարբերվում է այն միջոցառումներից, որոնցում վարչական ռեսուրսներն են օգտագործվում, շահագործվում: Մանրամասները` տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ