Ինչպես տեղեկացրել էինք , շաբաթ օրը ՝ ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության ընթացքում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հիմնավորված համարեց ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքները եւ միջնորդեց Տիգրան Առաքելյանին ազատազրկման դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի 5 ամիս 15 օր ժամկետով, Սարգիս Գեւորգյանին 1 տարի 10 ամիս 20 օր , իսկ Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ժամկետով:
Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց համարժե՞ք պատժաչափ էր ու արդյոք քաղաքական ենթատեքստ ունի՞, ինչպես կարծում է ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Պարոն Սահակյանն ասաց, որ գործին ծանոթ չէ, իսկ ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին. «Մեր իրականության մեջ մոդա է դարձել՝ ում դատապարտում են, ասում են քաղաքական պատվեր է: Չեմ կարծում՝ օրենքից դուրս ինչ-որ բաներ են եղել եւ չեմ էլ կարծում, որ դատավճիռը համարժեք չի լինի արարքներին»:
Պարոն Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ակտիվիստների նկատմամբ նախատեսված պատժաչափերն ինչ արձագանք կգտնեն Հայաստանին վերաբերող միջազգային զեկույցներում. «Կարծես թե միջազգային օղակները ճշմարտության սրբություններ են, չգիտեմ միջազգային համայնքում կամ ինչ-որ մի տեղ ինչ սցենարներ կմշակվեն: Համենայնդեպս, դրանք դատաիրավական խնդիրներ են, համապատասխան լիազոր մարմնին պետք է հարցն ուղղեք… Այն, որ երիտասրադ տղաներ են, ինչքան հնարավոր է մեղմ վերաբերմունք ունենանք»:
Կարդացեք նաև
Պարոն Սահակյանն ասաց նաեւ, եթե տուժող կողմը խնդիրներ ունի՝ կարող է դիմել իրեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ