Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու ամենամյա ծրագիր է։
Այս տարի «Համազգայինի» ուսանողական ֆորումը մեկնարկեց հուլիսի 14-ին և կշարունակվի մինչև հուլիսի 27-ը։ Ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Ավստրալիա,) ներկայացնող շուրջ 40 հայ ուսանող երիտասարդներ։ Ինչպես միշտ, նրանց են միացել նաև Հայաստանը, Արցախն ու Ջավախքը ներկայացնող իրենց երիտասարդները։
Հայրենաճանաչ այս ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կլոր սեղանների և բանավեճերի ընթացքում կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, մեկ օր կանցկացնեն Ծաղկաձորի Սուրբ Տիրամայր ճամբարում իրենց հանգիստը անցկացնող ծնողազուրկ երեխաների հետ։
Երկշաբաթյա այս համահավաքի օրերին սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն Երևանի պետական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կլսեն դասախոսություններ, «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Ցեղասպանության 1ՕՕ ամյակի սեմին», «Ո՞վ է հայը. Ինքնության խնդիրներ», «Ազգային նվագարաններ», «Եղեռնի ազդեցությունը հայ գեղանկարչության վրա» և այլ թեմաներով։
Ծրագրի վերջում ուսանողներին առիթ կտրվի եռօրյա այցով լինել Արցախում։
Համազգային հայ կրթական և մշակութային միության մամուլի հաղորդագրություն