Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են Կամբոջայում Խաղերի պաշտոնական ապրանքանիշի արտադրող «Adidas» ֆիրմայի ֆաբրիկաների բանվորներին շահագործելու մասին հրապարակման առիթով հետաքննություն սկսելու մասին:
Ըստ տեղեկությունների, բանվորները թերթերից մեկին պատմել են, թե իրենց ամսեկան աշխատավարձը $ 66 է, մի փոքր ավելի, քան նախատեսվում է Լոնդոնում վաճառել օլիմպիական խորհրդանիշով մեկ մարզաշապիկը: Նրանք ասել են նաեւ, որ հնարավոր է՝ իրենց վաստակի չափը դառնա $120, եթե աշխատեն օրը տասը ժամ:
Կազմկոմիտեում հայտարարել են, որ այդ հերյուրանքների հետաքննությունն արդեն սկսված է: Իսկ «Adidas»-ում հերքում են այդ սկանդալային հայտարարությունը՝ վստահեցնելով, որ Կամբոջայի իրենց ֆաբրիկաներում բանվորների ամսական նվազագույն աշխատավարձը $ 130 է՝ զգալիորեն բարձր, քան այդ երկրում միջին աշխատավարձն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ