Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին իրենց կուսակցությունը կպատրաստի ու կտարածի պետգույքի կառավարման վարչության ասածների պատասխանը. «Մենք ուզում ենք պատասխանել ու բացահայտել պետգույքի կառավարման վարչության ստերը: Երկուշաբթի կամ երեքշաբթի կուսակցությունը կտարածի դրա պատասխանը»:
Նշենք, որ արդեն 2 շաբաթ է՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հարկադրաբար ազատել է վարձակալությամբ զբաղեցրած Երեւանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող տարածքը, քանի որ տարածքի վարձակալության ժամկետն ավարտվել է, իսկ պետգույքի կառավարման վարչությունը ոչ մի կերպ չի ուզում այս կուսակցության հետ նոր պայմանագիր կնքել: Իսկ դա, պարոն Մակեյանի գնահատմամբ՝ միայն քաղաքական դրդապատճառներ ունի: Մակեյանին առաջարկվել է վարձակալել այլ տարածք, բայց Գառնիում կամ Արմավիրում:
Վարչության խոսնակ Մարգարիտ Սարգսյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ Մակեյանը ինքը պետությունից վարձակալած տարածքի մեծ մասը ենթավարձակալությամբ է տվել Սոցիալական ապահովության հիմնադրամի Արաբկիրի տարածքային կառույցին, «որի արդյունքում ավելի քան 21 միլիոն դրամ (շուրջ 50 հազար դոլար) շահույթ են ստացել: Այս մասին կուսակցությունը երբեւէ չի բարձրաձայնել եւ չի արձագանքել վարչության կողմից հրապարակված փաստերին»:
Պետրոս Մակեյանի խոսքերով՝ «Այդ սուտ եւ աճպարարությամբ հայտարարության պատասխանը մանրամասն կլինի մեր հայտարարության մեջ: Ուղղակի մենք ուշ իմացանք, որ պետգույքը նման ստեր է տարածել, այլապես ավելի շուտ կարձագանքեինք»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ Պետգույքի ողջ պարզաբանումները չէ՞ին համապատասխանում իրականությանը՝ պարոն Մակեյանը պատասխանեց. «Որոշակի բաներ կար, խրոնիկան, որ գրել էին, գործընթացը տարածքի առգրավման, ֆինանսական մասը մի մասով իրականություն է, բայց ինչպես այս կառավարության գործելաոճը ստով ու աճպարարությունով է, հայտարարության մեջ էլ նման բաներ կան, որոնց պատասխանը մենք հստակ կտանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ