Վաղ առավոտից աղմուկ-աղաղակ է: Այսօր մեծ ու մանուկ տոնում են Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:
«Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Այս դեպքը Հիսուս Քրիստոսի հետ կատարվել է այն ժամանակ, երբ նա բարձրացավ Թաբոր լեռը` իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Այդ ժամանակ էր, որ Հիսուսը փառավորյալ ու լուսավոր կերպարանք առավ: Նրանից ճառագայթներ էին ցոլում` ասես լուսասփյուռ արեգակ: Իսկ ժողովրդական անունով տոնը կոչվում է Վարդավառ, քանի որ մարդիկ միմյանց վրա ջուր ու վարդ էին ցանում, կարծես դրանով Քրիստոսին համեմատում գոհար վարդի հետ»,-ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը:
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն իր հերթին նշում է, որ ժողովրդական տոնն ունի ավելի հին արմատներ: Այն կապված է հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ, երբ ժողովուրդ նրան վարդեր է նվիրում, աղավնիներ է բաց թողնում և միմյանց վրա ջուր լցնում։
Այս տոնի ընթացքում եկեղեցում պատարագ է մատուցվում, որից հետո քահանաները վարդաջուր են ցողում ժողովրդի վրա՝ այդ կերպ օրհնելով հավատացյալներին: Տոնը շարժական է եւ սովորաբար նշվում է Սուրբ զատիկից 90 օր հետո ընկած կիրակի օրը:
Հարցին, թե ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, հաճախ ավելի կարևորում տոնական ծիսակատարությունը, քան եկեղեցական արարողությունը,ազգագրագետ Սեդա Գրիգորյանը պատասխանում է. «Այդ ամենը յուրաքանչյուր մարդուն բնորոշ ներքին հարց է, իհարկե, եկեղեցին այս առումով անելիքներ ունի: Եկեղեցական ցանկացած տոն ունի խաղի վերածվելու միտում եւ նմանատիպ ժողովրդական տոնակատարությունները դառնում են ժողովրդի միասնականության հիմքը»։
66-ամյա Սիրանույշ տատը դեռ երիտասարդ տարիներից շատ է սիրել ու կարեւորել այս տոնը եւ այսօր էլ չի զայրանում այն երիտասարդների վրա, ովքեր այդ օրը իր վրա ջուր են ցողում: Նա պատմում է, որ Վարդավառը նաեւ խնձորի տոն էր. « Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով: Շատախումբ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզ էին անում՝ մեկը մյուսից մեծ: Մութն ընկնելուն պես վառում էին դեզերը: Ծեսը տևւում էր մինչև լուսաբաց, որից հետո կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ »,- ասում է նա: Ցավով ու կարոտով է հիշում այդ ամենը, քանի որ այսօր սահմանափակվում ենք եկեղեցական պատարագով եւ միմյանց ջրով ցողելով:
Քրիստինա Միրզոյան