Այսօր, «Ոսկե Ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին մրցութային ծրագրի արդյունքները: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գոհունակություն հայտնեց արդյունքների կապակցությամբ եւ նկատեց, որ հատկապես մրցանակ չստացած ռեժիսորները կարող են չհամաձայնվել դրանց հետ. «Կյանքն այդպիսին է` մրցանակները քիչ են, ցանկությունները` շատ: Արվեստագետները երեխաներ են` մրցանակ չստանալու համար վիրավորվում են: Թող դրա համար ասեն, թե հանճարներին մրցանակ չենք տվել, թող հայհոյեն. դա էլ է կոչվում փառատոն: Բայց այն, որ կինոդահլիճում տեղ չկար նստելու, եւ մարդիկ տոմսի համար քաշքշում էին իրար, ուրախալի է: Նշանակում է, որ հայկական կինոյի հանդեպ հետաքրքրություն կա»:
Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվայի «Ամառը»: Փառատոնի ժյուրիի անդամ Կիրիլ Ռազլոգովը փաստեց, որ ներկայացված ծրագրերը հետաքրքիր էին` չնայած ժյուրիի անդամների տարբեր նախասիրություններին:
Էկումենիկ ժյուրիի մրցանակը ստացավ Նատալյա Բելյաուսկենեի «Եթե Բոլորը» ֆիլմը: Էկումենիկ ժյուրիի նախագահ Քրիսթին Գրինուէյը նշեց, որ ֆիլմի ընտրությունը պայմամավորված է բարձր արվեստի եւ հոգեւոր արժեքերի համադրմամբ. «Հատուկ դիպլոմի է արժանացել Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը: Երկուսում էլ կարեւորվում է ժողովրդի պատմությունը եւ մշակույթը»,-հավելեց Գրիուէյը:
Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթի հաղթողն է Էդուարդու Մուրուտոյի «Երբ մեռնենք գիշերը»: Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ Ալեքսեյ Մեդվեդեւը հույս հայտնեց, որ հաջորդ փառատոնում առավել շատ հայկական ֆիլմեր ներգրավված կլինեն:
Կարդացեք նաև
Լավագույն վավերագրական ֆիլմ մրցույթի հաղթողն է Էմադ Բուրնաթի
«Հինգ կոտրված տեսախցիկը»: Վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ Ցվետանա Պասկալեւան նշեց, որ առաջադրված տասներկու ֆիլմերն էլ արժանի էին լավագույն գնահատականի. «Ընտրությունը կատարվեց միաձայն: Հաղթողն ուժեղ վավերագրական ֆիլմ է, որի ռեժիսորը շուրջ յոթ տարի նկարել է իր գյուղի պատմությունը, ինչի շնորհիվ կարողանում ենք ծանոթանալ պաղեստինցի զինվորների կյանքին»:
Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ մրցանակին եւս արժանացավ «Եթե Բոլորը» ֆիլմը: «Հայկական համայնապատկեր ծրագրի խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Վիգեն Բերբերյանն ասաց, որ ֆիլմն անդրադարձել է հայ իրականության առանցքային թեմաներից մեկին` պատերազմին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ