Երեւանում գործող կինոթատրոններին ժամանակավոր ավելացավ եւս մեկը: Գտնվում էր Մաշտոցի պուրակում: Մտահղացումը պատկանում էր «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը: Շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասաց, որ նման միջոցառումներ անցկացվելու են անընդհատ եւ կենդանացնելու են Մաշտոցի պուրակը. «Մեզ մոտ Սահմանադրության մեկ ամսյակ էր: Դա ավարտից ու այսօրվանից ֆիլմեր կցուցադրվեն կամ էլ ինչ-որ լեկցիաներ կլինեն»:
Ասում է, որ իրենց նպատակն է մարդկանց մեկ տեղում հավաքելն ու ֆիլմի քննարկումներ անցկացնելը: Մարիամի խոսքով, սա եւս ուղղված է իրենց պայքարին. «Մաշտոցի պուրակի պայքարը էտալոն է դարձել արդեն եւ կա ինչ-որ աղոթք ու պայքար: Ձեւավորվում է մի մշակույթ, որ այգիները միայն սրճարանների համար չեն, այլ նաեւ զբոսնելու ու ֆիլմ դիտելու»:
Առաջին ֆիլմը վավերագրական էր: «Մոլորված քաղաքի ուրվական»-ի հեղինակը Լիանա Սմբատյանն էր: Նրա ֆիլմը պատմում էր Երևանի վայրենի կերպարանափոխության մասին. «Իմ մեջ կա այն մտահոգությունը, որն ունի ցանկացած Երեւանցի: Ֆիլմով փորձել եմ արտահայտել դա»:
Կարծում է` նմանատիպ միջոցառումներով միայն կարելի է շարժել մարդկանց հետաքրքրությունը:
Երեւանից կորում է երեխաների ձայնը. ֆիլմի հեղինակի համոզմունքն է, եւ առանց դրա չի կարող լինել մայրաքաղաքային ոգի:
«Մեր քաղաքը մոլորված ուրվական է դարձել, ամեն մեկս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք, որ այն ոտքի կանգնի: Խնդիրը շենքերի մեջ չէ, այլ մտածելակերպի»,- ասում է Լիանան:
Ի տարբերություն առաջին ֆիլմի, երկրորդը ոգևորիչ էր, հումորով եւ լի պայքարով ու դրամատիկ պահերով: «Արտադրված է Դագենհեմում», գեղարվեստական ֆիլմը այն մասին էր, թե ինչպես 1968-ին Անգլիայի Դագենհեմ քաղաքի ավտոգործարանի դերձակուհիները նվաճեցին հավասար վարձատրության աշխատանքային իրավունքը: Այն ցուցադրվում էր անգլերեն, բայց հայերեն ենթագրերով:
Արամ Արարատյան