Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում հուլիսի 14-ի դրությամբ առաջադրված է 5 թեկնածու: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախօրեին առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանից բացի, հուլիսի 14-ին առաջադրման հայտեր են ներկայացրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ժորա Գրիգորյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Ավագանու 11 տեղերի համար առայժմ առաջադրված է 25 թեկնածու: Այս մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերը թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 15-ի ժամը 18-ն է:
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն