Ուրբաթ օրը վախճանվել է ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի 36-ամյա որդին՝ Սեյջ Ստալոնեն։
Նրա անշնչացած մարմինը Լոս Անջելեսում գտնվող նրանց տանը հայտնաբերել են տան աշխատակիցներից մեկն ու մի ազգական։
Տեղ հասած ոստիկանությունը հայտարարել է, թե մահվան պատճառները դեռեւս պարզված չեն։ Նրա մոտ չի հայտնաբերվել ինքնասպանության մասին որեւէ գրություն։ Այժմ ուսումնասիրվում են բժշկի դեղատոմսերով գնված դեղամիջոցները։
Եկող մի քանի օրերի ընթացքում կանցկացվի դատաբժշկական հետաքննություն, ինչի պատասխանը կհրապարակվի միայն մի քանի շաբաթ անց։ Սեյջ Ստալոնեի 15 տարիների դատապաշտպանը տեղեկացրել է, որ Սեյջի ընկերներն ու ծանոթները վերջին ժամանակներս անհանգստանում էին նրանից երկար ժամանակով լուր չունենալու հանգամանքով։
Որդու մահից մեկ օր առաջ Սիլվեստեր Ստալոնեն, Արնոլդ Շվարցենեգերի հետ միասին, մասնակցել է մի հանդեսի՝ իր նոր ֆիլմը գովազդելու նպատակով։
Սեյջը Սիլվեստեր Ստալոնեի ամենաավագ զավակն էր, որն իր հոր հետ միասին նկարահանվել էր երկու՝ 199Օ-ականների Rocky V եւ 96 թվականին նկարահանված Daylight ֆիլմերում։
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»