Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը:
Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:
Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:
Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ