Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնֆերանսով ու խորովածի փառատոնով տուրիզմ չես զարգացնի

Հուլիս 14,2012 13:45

Ինչպե՞ս եւ որտե՞ղ են հանգստանում հայերն ու ադրբեջանցիներն ամռանը: Տուրիզմի զարգացման ի՞նչ խնդիրներ կան այսօր Հայաստանում եւ Ադրբեջանում: Այս մասին են ստորեւ բերված հարցազրույցները, որոնք անց ենք կացրել Երեւանում եւ Բաքվում:

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս իրողություններն իրենց ամբողջության մեջ պատկերող հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում  Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները:

Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Կոնֆերանսով ու խորովածի փառատոնով տուրիզմ չես զարգացնի

Հարցազրույց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի հետ

– Մեր երկրի բնակչության քանի՞ տոկոսն է կարող իրեն թույլ տալ ընտանեկան ամառային հանգիստ, եւ, որպես կանոն, որտե՞ղ են նրանք հանգստանում (Հայաստանի՞ հանգստավայրերում, թե՞ արտասահմանում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում):

– Հայաստանում զգալի է ոչ միայն արտասահմանում, այլեւ՝ երկրի ներսում հանգստանալու հնարավորություն չունեցողների թիվը: Իսկ ովքեր կարող են արձակուրդներն անցկացնել դրսում, հիմնականում նախընտրում են Վրաստանի ծովափնյա շրջանները: Կան նաեւ ՌԴ-ի, Թուրքիայի, Եվրոպայի լողափերին հանգստացողներ, որոնք, սակայն, մեծ թիվ չեն կազմում: Կոնկրետ՝ ՌԴ-ն եւ Եվրոպան մատչելի են հասարակության շատ նեղ շրջանակի համար: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, չնայած հանգստավայրերի մատչելիությանը, հայ հանրությունն այնքան էլ չի շտապում այնտեղ՝ անցյալի դառը հիշողություններից եւ ներկա ոչ բարեկամական հարաբերություններից ելնելով: Ինչո՞ւ են նախընտրելի հենց Վրաստանի լողափերը. ցավալի է, սակայն ՀՀ քաղաքացիների մոտ դժգոհություն կա Սեւանա լճի եւ այլ հանգստյան գոտիների բավական բարձր գների եւ, փոխարենը, ոչ այնքան հարմարավետ հանգստի հետ կապված: Գումարած այս ամենին՝ Վրաստանն անում է ամեն ինչ, որ այնտեղ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր երկիր վերադառնալով՝ դառնա Վրաստանի «կենդանի գովազդը»: Ահա այս եւ մի շարք այլ հանգամանքներ ստիպում են, որ ՀՀ քաղաքացիների հոսքն այդ երկիր օր օրի ավելանա:

– Ի՞նչ մակարդակի է մեր երկրի հանգստավայրերի սպասարկումը, ի՞նչ գներ են Վրաստանի եւ Թուրքիայի հանգստավայրերի համեմատ:

– ՀՀ զբոսաշրջության ոլորտում գնալով բարձրանում է սպասարկման որակը. ընկերությունները երկիր են ներմուծում նոր որակի փոխադրամիջոցներ, հանգստյան գոտիներն արդիականացվում են, սակայն, ցավոք, այս ամենը չի նպաստում գնային բարելավման: Մեր երկրի հանգստավայրերը գների պատճառով շարունակում են անհասանելի մնալ սեփական քաղաքացիների համար, շատ դեպքերում դրանք ապշեցուցիչ են նաեւ այլ պետություններից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների համար: Մեր երկիրը սպասարկող հայկական ավիաընկերության՝ «Արմավիայի», սահմանած խիստ բարձր, ես կասեի՝ անտրամաբանական սակագները եւս լրջորեն խոչընդոտում են մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Հանդիսանալով Հայաստանի միակ ազգային ավիափոխադրողը՝ «Արմավիան», փաստորեն, գործում է մոնոպոլ իր դիրքերից, իսկ արտասահմանյան ավիաընկերությունները գնային հարցում շատ դեպքերում գործում են «Արմավիայի» հետ փոխպայմանավորված:

Զբոսաշրջիկները հարեւան Իրանից, որոնք նախորդ տարիներին գալիս էին Հայաստանում հանգստանալու, մեր աչքի առաջ այժմ Հայաստանով մեկնում են Վրաստան: Այս ամենը տուրիզմի ոլորտում առկա շատ բացթողումների, ներդրումային մրցակցության բացակայության, հյուրանոցների եւ այլ հանգստավայրերի կառուցապատման մեջ մենաշնորհների հետեւանքն է: Հայաստանում դեռ չկա այն գիտակցությունը, որ քո երկիր այցելած զբոսաշրջիկի համար այսօրվա ներդրումը մյուս տարի վերադառնալու է հաջորդ զբոսաշրջիկների այցելությամբ ու ներդրումներով:

– Հայաստանում կա՞ն տուրիզմի զարգացման ծրագրեր, եւ որքանո՞վ են դրանք հաջողված, տարեկան քանի՞ տուրիստ է այցելում մեր երկիր:

– Տարեկան Հայաստան այցելում է մոտ 750.000 զբոսաշրջիկ, ինչը շատ փոքր թիվ է, եթե համեմատենք հարեւան Վրաստանի հետ, որի անցած տարվա զբոսաշրջիկների թիվը կազմել է 2.822.000 մարդ: Այս տարի պլանավորվել է ընդունել շուրջ 3,5 մլն մարդու, իսկ 2015թ.՝ համաձայն կառավարության մշակած եւ 10 կետից բաղկացած համալիր ծրագրի, նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 5 մլն: Հավելենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ըստ վիճակագրության, Վրաստան է բերում 1.502 ԱՄՆ դոլար: Ահա քեզ երկրի զարգացում, որին կարելի է հասնել շատ հեշտ ու հանգիստ: Ցավոք, ՀՀ-ում դեռ չի զգացվում այդ ոլորտին առնչվող կտրուկ քայլերի շունչը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտը կարգավորող համապատասխան վարչությունը, շատ թույլ է աշխատում: Մի քանի միջազգային համաձայնագրերի, կոնֆերանսների մասնակցելով եւ Արենիում՝ գինու, Ախթալայում՝ խորովածի փառատոն կազմակերպելով՝ տուրիզմ չես զարգացնի: Իհարկե, միայն այս վարչության գործունեությամբ չի պայմանավորված այն տխուր իրողությունը, որ մեր երկրում զբոսաշրջության աճման տեմպերը կազմում են 10-15%: Կրկին բերենք Վրաստանի օրինակը, որտեղ աճը կազմում է 45-50%, եւ որն, ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպության, հունիսի 22-ի հաշվետվության տուրիզմի զարգացման տեմպերի հարցում գրավել է աշխարհում առաջին տեղը: Զարմանալի է, սակայն՝ փաստ, որ մեր երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներին, սկսած 2011թ. հունվարից, արգելվում է 15 օրից ավելի սեփական ավտոմեքենաներով մնալ ՀՀ-ում: Այս անհեթեթությունը ոչ միայն խանգարում է այդ մարդկանց երկար մնալ, հետեւաբար՝ փող ծախսել մեր երկրում, այլեւ, ասենք՝ Վրաստանի սահմանային անցակետերում եւ՛ մուտքի, եւ՛ ելքի ժամանակ ստեղծում է տհաճ հերթեր, ինչն արդեն վանել եւ շարունակում է ետ պահել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներին մեր երկրից: Մյուս կարեւոր հանգամանքը, դա մի շարք երկրների հետ այցագրային ռեժիմի առկայությունն է: Մեր եւ Վրաստանի զբոսաշրջիկների թվային այդքան մեծ տարբերությունը նրանից է, որ Վրաստանը վերացրել է այցագրային ռեժիմը մի շարք, այդ թվում՝ իր համար թշնամական Ռուսաստանի հետ: Բավական է նշել մեկ փաստ. ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի վերացումը բերեց նրան, որ այս տարվա հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվեց ՌԴ-ից այցելողների 75% աճ: Միակողմանի կամ երկկողմանի անայցագրային են նաեւ Իրանի, Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները: Զարմանալի է, որ մենք մինչ օրս պահպանում ենք Իրանի հետ այցագրային ռեժիմը:

– Պե՞տք է, արդյոք, որ պետական մակարդակով խրախուսվի մարդկանց հենց մեր երկրում հանգստանալը, երբ, օրինակ, պետպաշտոնյաները եւ հայտնի դեմքերը իրենց ամառային հանգիստն անց են կացնում Հայաստանի ներսում եւ դրանով իսկ օրինակ ծառայում մյուսների համար:

– Զբոսաշրջության ոլորտի զարգացումը ոչ միայն պետք է պետական գերակա խնդիր հայտարարել, այլ իրականացնել գործնական միջոցառումներ: Խոսքը ոչ թե ինչ-ինչ փառատոների մասին է, որոնք կարող է կազմակերպել նույնիսկ ցանկացած անհատ կամ կազմակերպություն, այլ ոչ թե մի ամբողջ պետություն: Խոսքը օրենսդրական դաշտի բարելավման, ներդրումային գոտիների հռչակման, մենաշնորհների վերացման, մշակութային արժեքների վերականգնման եւ մի շարք համալիր միջոցառումների մասին է: Մի՞թե տարօրինակ չէ, որ երկիրը, որն ունի 5 միլիոնանոց սփյուռք, գումարած նաեւ օտարազգիները, ընդամենը շուրջ 700.000 այցելու է ունենում: Ես վստահ եմ, որ եթե այդ թվից հանենք հայրենիքի կարոտով ՀՀ ժամանած մեր հայրենակիցներին, ապա թիվն անհամեմատ կփոքրանա:

Ինչ-որ տեղ դրական տեղաշարժ կարելի է համարել այս տարի ՀՀ պետական ծառայողներին հատկացված սոցիալական փաթեթը, որով վերջիններս հնարավորություն ունեն նաեւ իրենց հանգիստը կազմակերպելու ՀՀ եւ Արցախի տարածքներում: Դժվար է այս ծրագիրը զբոսաշրջության խթան համարել, քանի որ նախորդ տարիներին հենց այս շերտի ներկայացուցիչներն էին մեկնում Վրաստանի լողափեր, պարզ չէ նաեւ՝ արդյոք նրանք իրենց այս հնարավորությունը կօգտագործեն ա՞յս, թե՞, ասենք, բուժսպասարկման կամ այլ ծառայություններից օգտվելու համար:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031