Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ասպարեզը» կհետաքննի

Հուլիս 14,2012 13:37

Մոտ մեկ տարի է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր շիրակցի որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ Արման Ավետիսյանի հայցը ընդդեմ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի: Որմնանկարչի որդին՝ գտնելով, որ Լեւոն Բարսեղյանն իր հոդվածներով զրպարտել ու վիրավորել է իրեն, դատի էր տվել նրան՝ պահանջելով երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում: Դատարանն էլ իր հերթին գտնելով, որ խախտվել է հայցի ներկայացման վաղեմության ժամկետը՝ նախորդ օրը մերժեց Արման Ավետիսյանի հայցը: Հիշեցնենք, որ Մինասի որդու ու գյումրեցիների, մասնավորապես՝ Լեւոն Բարսեղյանի միջեւ այս կոնֆլիկտը ծագեց այն ժամանակ, երբ կառավարության որոշմամբ Գյումրու «Գալվանոմետր» գործարանից «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները տեղափոխեցին «Զվարթնոց» օդակայանի սպասասրահ: Այս քաղաքի բնակիչները, անչափ վիրավորվելով այս փաստից, պահանջում էին Գյումրիում թողնել գյումրեցիների սեփականությունը: Սակայն նրանց կարծիքը այդպես էլ հաշվի չառան, ավելին՝ այս քաղաքի բնակիչներից թաքուն մայրաքաղաք տեղափոխեցին որմնանկարները, որն էլ ավելի շատ բորբոքեց կրքերը:

Այս թեմայի շուրջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Լեւոն Բարսեղյանը մի ուշագրավ հայտարարություն արեց: «Գործի ընթացքում մի կարեւոր հանգամանք պարզ դարձավ. մեզ հայտնի էր, որ նախորդ երկու որմնանկարները, որոնք տեղափոխեցին կառավարական տուն, երկուսը մեկտեղ վերականգնել են 20 միլիոն դրամի պետական բյուջեից պատվերով: Էռնեկյանի պատվերով վերականգնված որմնանկարները չափազանց թանկ գնով են վերականգնվել: Երբ համեմատում ենք վերականգնման քառակուսի մետրի գինը, դե, նույն որմնանկարներից են՝ բաց սվաղի վրա արած որմնանկարներ են, կառավարական տան համար արված վերականգնումների համեմատ՝ Էռնեկյանի պատվերով վերականգնված որմնանկարների համար ծախսվել է դրա կրկնակին եւ կրկնակիից մի քիչ ավելի գումար: Այդպես է ստացվում: Հետո որ գալիս ենք Գյումրի քաղաքի քաղաքապետարանի հյուրասրահում դրվելիք որմնանկարի քառակուսի մետրի գնին, տեսնում ենք՝ էլի գներն իջնում են: Այսինքն՝ համանման որմնանկարների վերականգնման համար նույն կազմակերպությունը նույն վարպետների ներգրավմամբ տարբեր դեպքերում իրարից խիստ տարբեր գներով է անում վերականգնումը: Պատկերացրեք՝ մի կրպակում բենզինի գինը 500 դրամ է, մյուս կրպակում՝ 1200 դրամ, ինքը, չգիտես ինչու, 1200 դրամանոցից է բենզինը լցնում»,- ասում է «Ասպարեզ» ակումբի նախագահը: Լեւոն Բարսեղյանի պատմելով՝ դատավարության ընթացքում ինքը բազմիցս հարցրել է Արման Ավետիսյանին՝ մի՞թե հինգ տարվա ընթացքում հնարավոր չէր տեղի նկարիչ-մասնագետներին սովորեցնել ռեստավրացիա անել, որ իտալացի մասնագետներին են հրավիրում ու առասպելական գներ ծախսում: «Կոնկրետ պատասխան, ցավոք, ես դատի ընթացքում չլսեցի, այսինքն՝ շատ ձեռնտու է եղել այդ գումարները վերցնել, իտալացու հրավիրել, քիմիան առնել. ախպեր, տեղացուն սովորեցրու, թող տեղացին անի:

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը մեր հետագա ուսումնասիրությունների ու հետաքննությունների առարկան է, օրենքով նախատեսված է, որ հիմնադրամի գործունեությունը պետք է հրապարակային լինի, այս աղմուկից հետո մենք բազմաթիվ կասկածներ ունեցանք զանազան հանգամանքների շուրջ»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031