Տուժող կողմը գտնում էր, որ ակնհայտ ապացույցները դատարանը չգնահատեց
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ երեկ շարունակվեց որեւէ տեղ չաշխատող Տիգրան Հակոբյանի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերատիվ-լիազոր Մուրադ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:
Ճառով հանդես եկավ այս գործով 4 տուժողներից՝ Գեորգի Պետրոսյան, Լեւոն Եգանյան, Անահիտ Խաչատրյան, Սեդա Պողոսյան, միայն մեկի՝ կոլեկցիոներ, երաժիշտ Գեորգի Պետրոսյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սաֆարյանը: Նա ասաց, որ խնդիր ունի բացահայտելու Տիգրան Հակոբյանի հետ Մուրադ Բաղդասարյանի հանցավոր գործունեությունը՝ կապված նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ մոլորության մեջ գցելու եղանակով տուժողներին խաբելու հետ:
Կարդացեք նաև
Ըստ Ա. Սաֆարյանի՝ իր պաշտպանյալից՝ Գ. Պետրոսյանից, Տիգրան Հակոբյանը վերցրել է 23.000 դոլար գումար, որպեսզի ձեռք բերի հայ եւ ռուս դասական նկարիչների գործեր, սակայն չի կատարել խոստումները եւ յուրացրել է ամբողջ գումարը: Այս ամենին, ըստ տուժողի ներկայացուցչի, իրազեկ է եղել անձամբ Բաղդասարյանը:
«Տ. Հակոբյանը Գ. Պետրոսյանի բնակարանում ստացել է խոշոր չափի՝ 23 000 դոլարի գումարը, խոստացված նկարների փոխարեն բերել է եվրոպական նկարիչների էժանագին նկարները, որոնք Գ. Պետրոսյանը հրաժարվել է ընդունել եւ պահանջել է իր տված գումարը: Տ. Հակոբյանը սուտ խոստումներ է տվել: Որոշ ժամանակ անց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ավագ օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանը գնացել է, Գ. Պետրոսյանից վերցրել է նրա տանը գտնվող նկարները՝ իբր դրանք վաճառելու եւ ստացված գումարը վերադարձնելու համար: Նկարները չեն վաճառվել»,- ասաց Ա. Սաֆարյանը:
Ա. Սաֆարյանն անդրադարձավ տուժող, ոսկերիչ Լեւոն Եգանյանի գործին, որից Տ. Հակոբյանը վերցրել է 10.000 դոլար գումար, ապա՝ 6000 դոլարի ոսկյա զարդեր, սակայն դա էլ է յուրացրել:
Ա. Սաֆարյանը որպեսզի ապացուցի, թե Տիգրան Հակոբյանը միայնակ չի գործել, այլ գործել է ոստիկանության աշխատակցի հովանավորությամբ, մեջբերեց մի քանի վկաների ցուցմունքներից՝ հայտնելով, որ նախաքննական մարմինը ըստ էության շատ ու շատ ապացույցներ թաքցրել է եւ չի գնահատել դրանք ըստ արժանվույն: Ա. Սաֆարյանը մեջբերեց այս տարվա փետրվարի 2-ի ՀՔԾ քննիչի որոշման դեմ իրենց միջնորդությունը, որով հանցակազմ չէին տեսել Մուրադ Բաղդասարյանի գործունեության մեջ:
Ըստ տուժողի ներկայացուցչի՝ Մուրադ Բաղդասարյանի գործողությունները այս գործով, ինչպես որակվել է՝ չարաշահել է իր լիազորությունները, այլ կատարել է հանցավոր արարք: Ա. Սաֆարյանը դիմեց մեղադրողին՝ հղում անելով օրենքին, եւ հայտարարեց, որ մեղադրողը կարող է մինչեւ դատավորի խորհրդակցական սենյակ մտնելը հանդես գալ միջնորդությամբ եւ առաջադրել մեղադրանք Մ. Բաղդասարյանի նկատմամբ:
Հետագայում օգտվելով ռեպլիկի իրավունքից՝ մեղադրանքը պաշտպանող Աշոտ Նադոյանն ասաց, որ նախաքննական մարմինը ապացույցները ճիշտ է գնահատել, եւ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են եղել:
Մուրադ Բաղդասարյանի պաշտպան Սամվել Կոստանյանը հայտարարեց, որ տուժողի ներկայացուցիչը խեղաթյուրում է իր պաշտպանյալի գործունեության հետ կապված փաստերը: Նա ասաց, որ իր պաշտպանյալը անընդհատ դիմել է Տիգրան Հակոբյանին, որպեսզի նա հանձնվի. այդպես կվարվեր հասուն մարդը, պրոֆեսիոնալը՝ մի կողմ դնելով նաեւ ընկերական հարաբերությունները: Նա ասաց նաեւ, որ իր պաշտպանյալը խնամքին ունի 3 անձ, որոնցից 2-ի առողջությունը վատ է: Նա խնդրեց ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել, այն էլ՝ պայմանական չկիրառելով: Մուրադ Բաղդասարյանը իր պաշտպանական ճառում այսպիսի մի միտք արտահայտեց. «Հարգելի դատարան, խնդրում եմ իմ այս ելույթը չընդունեք որպես անմեղության կանխավարկած: Ես կրկին անգամ նշում եմ, որ ես ընդունում եմ իմ մեղքը, ճիշտ է՝ մասնակի, բայց ընդունում եմ: Ինձ համար պարզ է արդեն, որ եթե հետախուզման մեջ է գտնվում քո ընկերը, բարեկամը, հարազատը կամ մերձավորը, ու դու նրան չես բռնում, ապա քեզ դատապարտում են պաշտոնեական դիրքի չարաշահման համար»:
Տիգրան Հակոբյանի պաշտպան Գարիկ Մալխասյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի կատարել այն հանցանքները, որոնց համար մեղադրվում է:
Նա ասաց, որ Տ. Հակոբյանն անմեղ է եւ պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը՝ համաձայն գործող օրենքների: Այս կապակցությամբ հղում արեց ՀՀ վճռաբեկ դատարանի 2 որոշումներին: Պաշտպանը նկատեց, որ մենք գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ, այլ ոչ թե քրեական:
Գ. Պետրոսյանի՝ 23 000 ԱՄՆ դոլար խաբեությամբ տիրանալու դրվագին անդրադառնալով՝ պաշտպանը նշեց, որ ապացույցների հիմքում դրվել են տուժող Պետրոսյանի եւ նրա կնոջ, երկու ընկերների ցուցմունքները, որոնք «ընդունվել են հալած յուղի տեղ»: Պաշտպան Մալխասյանը գտնում էր, որ վկաները ըստ էության «վերարտադրել են Գ. Պետրոսյանի պատմածը, որոնք հերքվել են նախաքննության եւ դատաքննության ժամանակ տրված Տիգրան Հակոբյանի ցուցմունքներով»: Իսկ Լեւոն Եգանյանից գումար ստանալու դրվագի կապակցությամբ կար իրարամերժ ցուցմունք. տուժողի որդին չգտնվելով սենյակում՝ «կողքի սենյակից տեսել էր», որ հայրը գումար է տվել Տիգրանին, իսկ մեկ այլ ցուցմունքով էլ գումարը ձեռք էր բերվել «Արարատ» բանկի միջոցով, սակայն բանկից այդ կապակցությամբ որեւէ հարցում չի եղել:
Նա դատարանին հայտնեց իր պաշտպանյալի վատառողջ լինելու մասին՝ ասելով, որ ազատազրկման հետ կապված պատիժը կարող է պարունակել խոշտանգման տարրեր:
Դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Տիգրան Հակոբյանին, իսկ 9 ամսվա ազատազրկման՝ Մուրադ Բաղդասարյանին:
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Տ. Հակոբյանին 7 տարվա, իսկ Մ. Բաղդասարյանին՝ 1,5 տարվա ազատազրկում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ