Լրահոս
Օրվա լրահոսը

«Այր՝ կորովի, այր՝ փարթամ մտոք, այր՝ ճկուն դիվանագետ…»

Հուլիս 14,2012 13:26

Դավիթ Հակոբյանի պատկերացումները՝ ՀՀ չորրորդ նախագահի մասին

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի չորրորդ նախագահը, որ կարողանա արդարացի լուծում գտնել Արցախի հարցում՝ թեթեւացնելով Հայկական հարցի բեռը: Խնդրին անդրադառնալով այս տեսանկյուններից՝ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանի բնութագրմամբ՝ 2013 թվականի փետրվարին ընտրվելիք ՀՀ չորրորդ նախագահը պետք է լինի. «Այր՝ կորովի, այր՝ փարթամ մտոք, այր՝ ճկուն դիվանագետ եւ այր, որը կլինի ազգի սիրելին, որի նկատմամբ ազգը հավատ կունենա: Այր՝ պաշտպան հայրենյաց, ինչպես Խրիմյան Հայրիկը»: Այդ դերում մարքսիստը ՀՀ նախկին նախագահներին չի տեսնում: Չի տեսնում նաեւ գործող նախագահին, թեպետ հարգում է նրան. «Այդ դերակատարին, կարծում եմ, ժամանակն է ճանապարհելու: Քաղաքական գործիչների խնդիրը ոչ թե մանդատաորսը կամ պաշտոնամոլությունը պետք է լինի, այլ փարթամ մտքով օգնելը: Բայց երբ կատարող անձն ի զորու չէ իրականացնելու նոր դիվանագիտական դոկտրինա, ես, ինչքան էլ հարգում եմ իմ նախագահին, տեսնում եմ, որ այլ դերակատար է անհրաժեշտ»: Թե հայաստանյւան քաղաքական դաշտում ո՞ւմ է պատկերացնում մարքսիստը որպես իր բնորոշումների կրող, նա հիշում է Կեսարին. «Ազգի աչքն Աստծո աչքն է»: Մարքսիստը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի հայ ազգը բարոյահոգեբանական այս անկումից դուրս գա, վեր կանգնի իշխանությունն առուվաճառքի առարկա դիտարկելուց: Ու…, որպեսզի իր հայտարարությունները չընկալվեն իբրեւ իշխանատենչություն եւ աթոռակռիվ, ասում է, որ իրեն «գաղափարական-լուսավորչական առաքյալի» դերում է տեսնում:

Ի դեպ, նախորդ օրը ՀԱԿ համակարգող եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ՀՀ չորրորդ նախագահի իր տեսլականն էր հրապարակել. «Այն մարդը, որը կարող է մարտահրավերներ նետել Սերժ Սարգսյանին, նա պիտի լինի իսկապես հզոր քաղաքական ֆիգուր, որի անկաշառությունը, վճռականությունը կասկածի տակ չի կարող առնվել հասարակության կողմից: Դա պետք է լինի մարդ, որն առավելագույնս կարող է քաղաքական լիդերներին, քաղաքական ուժերին համախմբել իր շուրջը, այդ հանելուկի լուծումն էլ դուք տվեք»: «Առավոտի» դիտարկմանը, թե՝ Զուրաբյանն էլ է խուսափել անուններ տալուց, Դավիթ Հակոբյանը հակադարձեց. «Չորրորդ նախագահը պետք է ոչ թե կուսակցության շահերը, այլ ազգի շահերը ներկայացնի: Նա պետք է լինի նոր տնտեսական քաղաքականության գաղափարական վարդապետը եւ հայեցակարգային ճարտարապետը: Եթե ունեն ցաքուցրիվ եղած, տարբեր քաղաքական որջերում բույն դրած ՀՀՇ-ականները այդպիսի մարդ, թող ներկայացնեն այդ նոր, հայկական Ֆրանկլին Ռուզվելտին՝ տեսնենք, արցախյան դիվանագիտության հարցում այսօրվա նախագահից տարբերվող որեւէ նոր բան ասո՞ւմ է հալեպցի Լեւոնը»: Մարքսիստը հիշեցնում է «ՀՀՇ-ի ամենամեծ սխալը», որ 1995 թվականին Բիշքեկում բանակցային գործընթաց սկսելու պայմանագիր ստորագրեցին, մինչդեռ համաշխարհային պատմության մեջ նման բան դեռ չէր եղել, երբ հաղթող կողմը պարտվողի հետ բանակցություն սկսեր, ու մեջբերում է Ստալինին. «Մեր պայմանները եղել են, կան եւ կմնան՝ «պօլնայա ի բեզօգովոռաչնայա կապիտուլյացիա»,- ու հավելում. «Իրենց վրիպումը մոռացության են տալիս եւ դաշնակների նման հիերոգլիֆների լեզվով են խոսում: Պարզ ասեք՝ ո՞ւմ եք ներկայացնում եւ ինչպիսի՞ դոկտրինայով»: Դավիթ Հակոբյանը գտնում է, որ եւ ՀՀՇ-ն, եւ ՀՅԴ-ն իրենց «ամորֆ կեցվածքով» իրենց արդեն սպառել են:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության 20-ամյա գոյության ընթացքում ՀՀ որեւէ նախագահ եւ արտգործնախարար տարածքային եւ նյութական պահանջատիրությամբ հանդես չեն եկել, եւ այսօր մեր դիվանագիտությունը «պարտադրվող-պարտվող» բնույթ ունի, Բեռլինի Կոնգրեսից ցայսօր Հայաստանի եւ մեր դիվանագիտական մտքի անցած ուղուց հետո, մարքսիստն այսօր համոզման է եկել՝ «նոր լիդեր է անհրաժեշտ»: Իսկ «Արցախի հարցում արդարացի լուծում ասելով»՝ մարքսիստը հասկանում է. «Հայաստանի չորրորդ նախագահը պարտադրված է կանգնեցնել ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացը եւ հայտարարել, որ արցախյան հիմնահարցը դիվանագիտական բանակցությունների առարկա լինել չի կարող: Ամեն ինչ, կամ ոչինչ»: Լավագույն տարբերակը մարքսիստը շարունակում է համարել այն, որ հայկական կողմերի որոշակի իրավական-իրավաբանական գործընթաց իրականացնելու արդյունքում Արցախը դիմում է ՌԴ Դումային եւ մտնում ռուսական ֆեդերացիայի կազմի մեջ՝ որպես ներքին քաղաքական սուբյեկտ՝ հանրապետության կարգավիճակով, որտեղ իբրեւ քաղաքացիներ գրանցվում են 1,5 միլիոն ադրբեջանահայերը, որոնք պարտադրված հեռացան՝ թողնելով իրենց սեփականությունն ու ունեցվածքը: «Արցախցիներն այսօր չեն ուզում մեր մարզը դառնալ՝ ցածր կարգավիճակով մեզ միանալ, ուզում են երկու հանրապետությունների ֆեդերատիվ միություն, որը միջազգային հանրությունը թույլ չի տա: Այս պարագայում արյամբ ազատագրված տարածքները չենք վերադարձնի: Ճիշտ է, չի լինում անկախության առաջին աստիճան, բայց մենք պահպանում ենք պատմաաշխարհագրական բնօրրանը»:

Մոտ 150 տարի առաջ՝ հուլիսի 13-ին Բեռլինի կոնգրեսում վճռվեց Հայկական հարցը: Այդ առիթով Դավիթ Հակոբյանի հայկական դիվանագիտության էվոլյուցիայի եւ պատմական զուգահեռների մասին իր դիտարկումները դիտեք Aravot.am կայքում՝ https://www.aravot.am/2012/07/13/90593/:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031