Դիտելով «Արմնյուզ»-ով Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը, ես, ճիշտն ասած, տպավորություն չստացա, որ այդ գործիչը հակասություններ չունի ՀԱԿ-ի հետ, եւ որ նա դուրս չի եկել ՀԱԿ-ից, ինչպես որ մեկ շաբաթ շարունակ պնդում էին այդ կուսակցության ներկայացուցիչները: Իհարկե, նրանք հիմա էլ կարող են ասել՝ «պարոն Շահնազարյանն ասել է այս՝ նկատի ունենալով այն», բայց բառային այդպիսի ձեռնածությունների կարիքը չկա, որովհետեւ ակնհայտ է՝ նա դեմ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «վերլուծություններին», որոնցում ավազակապետության կազմաքանդման գործում որոշակի հույսեր են կապվում ԲՀԿ-ի հետ, որովհետեւ այդ վերլուծությունները, պարոն Շահնազարյանի խոսքերով, դարձել են ՀԱԿ-ի քաղաքականություն: Այդ տեսակետն արտահայտված է հստակ եւ միանշանակ, եւ փորձել ճարպիկ ձեւակերպումներով հերքել այդ իրողությունը՝ անիմաստ է: Ի դեպ, 90-ականների կեսերին պարոն Շահնազարյանը ճիշտ նույն ձեւով առարկում էր ՀՀՇ-ի քաղաքականության դեմ, որը ակնհայտորեն սկսել էր հիմնվել ուժային գործիքների վրա, ինչը, իմ կարծիքով, դրեց Հայաստանում առայսօր գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական արատավոր հարաբերությունների հիմքը:
Բայց հարցը միայն որոշակի անձի եւ նրա ընկերների հակասությունների մեջ չէ: Խնդիրն ավելի ընդհանրական է՝ արդյոք քաղաքականության մեջ կարեւո՞ր է արժեքային համակարգը: Նիկոլո Մաքիավելիի հետնորդներն այդ հարցին բացասական պատասխան են տալիս. ըստ նրանց՝ կարեւորը ուժերի հարաբերակցությունն է, որն օգտագործելով՝ պետք է ցանկացած գնով հասնել նպատակին (տվյալ դեպքում՝ քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը պետք է տապալի մյուսին): Սակայն պատմությունից հայտնի է, որ երբ նպատակն արդարացնում է միջոցները, շատ արագ այդ նպատակը ձեւափոխվում է, խեղաթյուրվում, իսկ որոշ ժամանակ անց մոռացվում է՝ մնում են, այսպես ասած, ինքնանպատակ միջոցներ: Բայց ենթադրենք՝ արժեքները կարեւոր չեն. այդ դեպքում, եթե որեւէ քաղաքական ուժ ընտրել է մաքիավելիզմի ճանապարհը, ապա նա այլեւս զրկվում է որեւէ արժեքային համակարգի անունից խոսելու իրավունքից: Օրինակ՝ նա չի կարող որեւէ քաղաքական ուժի անվանել կցորդ կամ կույրաղիք, երբ ինքն է մեկ այլ ուժի կցորդը եւ կույրաղիքը:
Իր հարցազրույցում պարոն Շահնազարյանը բարձրացնում է եւս մի էական հարց՝ ազատական ուժերի համախմբումը: Ի դեպ, ՀԱԿ-ը երբեք իրեն ազատական չի հռչակել, եւ այս տեսակետից ազնիվ է՝ ինչպե՞ս կարող է ազատական լինել նա, ով իր հետ թեկուզ փոքր անհամաձայնություն հայտնողին թշնամու, դավաճանի եւ ծախվածի պիտակ է կպցնում: ՀԱԿ նախկին անդամը արդարացիորեն նշում է, որ մեր հասարակական սպեկտրի այդ՝ ազատական հատվածն այսօր շատ թույլ է ներկայացված: Բայց արդյոք դա պատահականությո՞ւն է: Արդյոք պատճառն այն չէ՞, որ մեր քաղաքացիների մեծ մասն ու ազատական գաղափարները, ինչպես ասում են, «գենետիկորեն անհամատեղելի են»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ