Հուլիսի 13-ին կայացել է Տավուշի մարզխորհրդի նիստ, որը վարել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նիստին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Սովորաբար մարզխորհրդի նիստերը նշանակվում են ժամը 11-ին, սակայն այս նիստը սկսվել է 16.30-ին : Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նիստում քննարկվել են հունիս ամսվա ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Սովորաբար մարզխորհրդի նիստերից մի քանի օր առաջ մարզպետարանի ինտերնետային կայքում ծանուցում է արվում մարզխորհրդի նիստի օրվա, ժամի, օրակարգի մասին: Այս դեպքում նման իրազեկում չի արվել: Մարզի լրագրողները մարզխորհրդի նիստի մասին տեղյակ չեն եղել, նիստին լրագրողներից մասնակցել է միայն մարզային «Տավուշ» հեռուստաընկերության (որի փաստացի փայատերն է մարզպետ Արմեն Ղուլարյանը) լրագրողը:
Կարդացեք նաև
Վերջերս «Առավոտում» մի հրապարակումով ներկայացրել էինք մարզպետարանի կայքում տեղ գտած բազում կոպիտ սխալները: Մարզպետ Արմեն Ղուլարյանը հուլիսի 10-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մեր քննադատությանը: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի կայքը, այդ խորհրդակացության ժամանակ «մարզպետարանի բոլոր ստորաբաժանումներին մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարեց ուշադիր լինել մարզպետարանի կայքի լրացման աշխատանքներին, կայքում տեղադրել ճշգրիտ եւ հստակ տեղեկատվություն»:
Մարզպետների աշխատանքի գնահատականի չափորոշիչներից մեկն էլ մարզպետարանի աշխատանքի հրապարակայնությունն է: Հուսով ենք, որ այսուհետ Տավուշի մարզխորհդի նիստերի վերաբերյալ մարզպետարանը պատշաճ ձեւով կծանուցի հանրությանը եւ լրագրողներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ